Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը վստահ է, որ ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակը այնքան ակնհայտ է, որ մյուս թեկնածուները պայքար են մղում երկրորդ տեղում հայտնվելու համար:

«Արդեն այս օրերին ակնհայտ է դառնում, որ մյուս բոլոր թեկնածուները պայքարում են երկրորդ տեղի համար», - լրագրողներին չորեքշաբթի օրը ասաց Սահակյանը` հավելելով. - «Սա մենք համարում ենք նաեւ քաղաքական դաշտի առողջացման ծրագիր»:

Սահակյանի կարծիքով, անցնող տարվա ամենակարեւոր իրադարձությունը մայիսյան խորհրդարանական ընտրություններին էին:

«Մեզ համար 2008-ը նշանավորվելու է որպես բարության տարի` կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ», - գալիք տարվան անդրադառնալով` շարունակեց նա: - «Այդ արդյունքները մենք գտնում ենք, որ դրական են լինելու: Եվ ոչ միայն այն առումով, որ Հանրապետականը թեկնածու է առաջադրել եւ վստահ ենք մեր արդյունքների համար, այլ նորից կարողանանք լավ ընտրություններ անցկացնել»:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ընտրած ճանապարհը» Գալուստ Սահակյանը քաղաքական ճանապարհ չի համարում. - «Նախին նախագահի դրսեւորումներից բոլոր վերջին հավաքները եւ խոսակցությունները արդեն կրում են հիստերիկ բնույթ, եւ հաշվի չեն առնվում ո’չ ժողովրդավարության կանոնները, ո’չ այն գործընթացները, որ տեղի են ունեցել նորանկախ Հայաստանում: Միայն հոխորտանքներ են լսվում... Սա բարի դրսեւորում չէ, համեմայն դեպս` հասարակության համար»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG