Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Լեւոն Տեր-֊Պետրոսյանի մեղադրանքները


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է նախագահության թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանի մեղադրանքներն այն մասին, որ իր կողմնակիցներին բանավոր կերպով կամ հեռախոսազանգերով կանչում են ոստիկանատներ եւ անվտանգության ծառայության բաժանմունքներ, որտեղ նրանց ենթարկում են հոգեբանական ճնշման, ահաբեկումների եւ սպառնալիքների:

«Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ապաքաղաքական կառույց է»,֊ - ասված է Ազգային անվտանգության ծառայության մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ եւս հայտարարում է, որ գործում է Հայաստանի օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում եւ անվտանգության մարմիններին ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելու բոլոր ջանքերն ապարդյուն են»:

Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր փոխանցեց, որ իրենց մոնիտորինգի խումբը արձանագրել է բազմաթիվ խախտումներ:

«Տարբեր մարզերում, տարբեր շրջաններում մարդկանց հրավիրում են ոստիկանություն, ճնշումներ են գործադրում», - ասաց Արզումանյանը: - «Բազմաթիվ դեպքեր են արձանագրված, երբ իրազեկման խմբերին, որոնք փորձել են շրջաններում իրազեկել կայանալիք հանրահավաքի մասին, տարել են ոստիկանություն, բռնագրավել են բարձրախոսները, թռուցիկները... Եվ այդ դեպքերը հարյուրավոր են»:

«Կան դեպքեր, երբ մարդիկ ազատվել են աշխատանքից այն պատճառով, որ համակրում են առաջին նախագահին», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Մոնիտորինգի խումբը, օրինակ, արձանագրել է, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքից ազատվել է Մեղրու մաքսային կետի տեսուչ, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի ազգական Հարություն Օհանյանը, ում ասել են, որ իրեն աշպատանքից ազատելու պատճառը հենց Գրիգոր Հարությունյանի գործունեությունն է:

Արզումանյանի խոսքերով, եթե պետական մարմիններում խնդիրը լուծվում է աշխատանքից հեռացնելով, ապա մասնավոր ձեռնարկություններում գործի է անցնում հարկային ծառայությունը. - «Աննախադեպ ջանասիրությամբ են կատարվում այդ ստուգումները եւ կատարվում են հենց այն հիմնարկներում, որոնց ղեկավարը աջակցություն է ցուցաբերել [Տեր-Պետրոսյանին] կամ փակցրել է թռուցիկը իր գրասենյակի վրա»:

Շարունակելով` Ալեքսանդր Արզումանյանը ասաց. - «Ոստիկանության բացահայտ խախտումների փաստերը հարյուրավոր են. դրանք բոլորը արձանագրված են: Ազգային անվտանգության ծառայությունը... բացահայտ ճնշումներ չի գործադրում: Դրա համար կան այլ պատժիչ միջոցներ, ինչպիսին է հարկային ծառայությունը: Ինֆորմացիան հավանաբար հավաքվում է ԱԱԾ-ում, եւ հանձնարարությունը գնում է Հարկային ծառայություններին կամ ոստիկանությանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG