Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հազվադեպ հնարավորություն կա»


Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը այսօր «Բոսթոն գլոբ» թերթում «Սառեցնելով սառեցված հակամարտությունը» վերնագրով հոդված է հրապարակել, որում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հազվադեպ հնարավորություն է համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքները:

«Երբ պատերազմ է բռնկվում, միջազգային հանրությունը սովորաբար անչափ ուշ է արթնանում: Իսկ կարո՞ղ ենք մենք կանգնեցնել պատերազմը մինչ դրա սկսվելը», - գրում է Սաբինա Ֆրեյզերը եւ հավելում. - «Մենք այդ հնարավորությունն ունենք Lեռնային Ղարաբաղի դեպքում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են պատերազմել: Կա իրական հնարավորություն` կանխելու պայթյունը մինչեւ դրա տեղի ունենալը»:

«Դա հաճախ անվանում են սառեցված հակամարտություն, սակայն չնայած զինադադարին` մի քանի հազար մարդ է սպանվել վերջին 13 տարիներին: Երկու երկրները հսկայական միջոցներ են ներդնում իրենց զինված ուժերում», - ընդգծում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրենը: - «Թեեւ լայնամասշտաբ պատերազմը կարող է տեղի ունենալ մի քանի տարի հետո, սակայն հազիվ թե դա առիթ է լուծման հասնելու գործում միջնորդների հապաղման, հատկապես երբ Իրանը կողքին է, եւ հակամարտության պոտենցիալ գոտով են անցնում մի շարք կարեւորագույն նավթատար եւ գազատար խողովակաշարեր»:

«Երկու երկրները շարունակաբար ձգձգում են քայլերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հայաստանը իր կողմից օկուպացման յուրաքանչյուր օրը համարում է եւս մեկ քայլ տարածքի նկատմամբ իր վերահսկողության ամրապնդման ուղղությամբ, մինչ Ադրբեջանը կարծում է, թե նավթից ստացվելիք նոր եկամուտները կարող են իրեն թույլ տալ ռազմական գերազանցության հասնել հարեւանի նկատմամբ եւ ժամանակի ընթացքում ուժով ետ բերել հողերը», - ընդգծում է Ֆրեյզերը:

Ըստ հոդվածագրի, երկու երկրներում տարվող պետական քարոզչությունը ծառայում է նրան, որ հասարակությունն ընդդիմանա որեւէ փոխզիջման` «էլ չասած հաշտեցման մասին»:

Այդուհանդերձ, Սաբինա Ֆրեյզերի համոզմամբ, եթե Մինսկի խմբին հաջողվի համոզել կողմերին` համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, ապա «դա արժեքավոր ձեռքբերում կլինի». - «Նույնիսկ նման փոքրագույն ընդհանուր հայտարարը կարող է նպաստել երկու երկրներում 2008-ին անցկացվելիք ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի թեմայի շահարկումը նվազագույնի հասցնելուն: Ընտրարշավի ընթացքում այդ կրակի հետ խաղալու գայթակղությունը քաղաքական գործիչների մոտ վերացնելը կհանդարտացնի հասարակական ընդդիմությունը բանակցություններին եւ կդյուրացնի [ընտրություններից] շատ չանցած պատշաճ բանակցություններ սկսելու ճանապարհը առաջնորդների համար»:

«Հիմնարար սկզբունքները ընդգրկում են, նախ եւ առաջ, նվիրվածություն խնդրի լուծման նպատակով ուժ չկիրառելուն: Հայկական ուժերը պարտավորվում են դուրս գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց զբաղեցրած տարածքներից: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին` համաձայնություն պետք է ձեռք բերվի նրա ինչ-որ ժամանակավոր կարգավիճակի մասին: Միջազգային դերակատարները պետք է պատրաստ լինեն օգնություն ցուցաբերել, ներառյալ խաղաղապահները եւ մեղմ անցմանը նպաստող այլ քայլեր: Նպատակը պետք է լինի տեղահանվածների վերադարձը հեշտացնելը` մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով հանրաքվեի անցկացումը», - գրում է Ֆրեյզերը:

«Այս սկզբունքների հիման վրա, որոնց` ընդհանուր առմամբ ընդունելի լինելու մասին հայտարարել են երկու կողմերն էլ, վերջնական համաձայնությունը կարող է իրականություն դառնալ», - շեշտում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրենը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG