Մատչելիության հղումներ

Դաշնակցության թեկնածուն ՀՀ քաղաքացիներին առաջարկում է կնքել «համաձայնագիր»


Հայ հեղափոխական դաշնակությունը պատրաստվում է առաջիկայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաժանել համաձայնագիր-թերթիկներ` «Ես Վահանի հետ եմ» վերնագրով:

Դրանցում Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը պարտավորվում է ապահովել «ազատ ընտրություններ»:

Եթե քաղաքացին ցանկանում է միանալ այս ակցիային, ապա այդ թերթիկի վրա գրում է իր անուն-ազգանունը եւ ստորագրում` ստանալով այդ մասին վկայող քարտ: Հովհաննիսյանի` նախագահ ընտրվելու դեպքում համաձայնագիրը ստորագրած քաղաքացին կարող է պահանջել համաձայնագրի դրույթների կատարումը:

Վահան Հովհաննիսյանը երկուշաբթի օրը նաեւ հայտարարեց, որ չի հավատում վերջին սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն ինքը ցածր վարկանիշ ունի: Նրա կարծիքով, այդ հարցումները «արժանահավատ» լինել չեն կարող: Իսկ ահա Դաշնակցության անցկացրած հարցման արդյունքներով` Վահան Հովհաննիսյանը երկրորդ տեղում է:

Նա հայտարարեց, որ չի հավատում հրապարակված այն հարցումների արդյունքներին, ըստ որոնց ՀՀԿ-ի հանագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի վարկանիշը ամենաբարձրն է. - «Այո, չեմ հավատում»:

«Մյուս տեղերում էլ մենք տեսնում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի 52 տոկոս ձայն. դրան էլ չեմ հավատում», - հավելեց նա:

Հովհաննիսյանը հերքեց խոսակցությունները, թե ինչ-որ փուլում Դաշնակցությունը դուրս է գալու ընտրապայքարից` ձայները զիջելով այլ թեկնածուի:

«Դաշնակցությունը գնալու է մինչեւ վերջ, ընդ որում` հաղթելու մտադրությամբ», - ասաց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG