Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ոչ ներգաղթային վիզան այսուհետ կարժենա 131 դոլար


Միացյալ Նահանգների ոչ ներգաղթային վիզային արժեքը 100 դոլարի փոխարեն դարձել է 131 դոլար: Փոփոխությունը կիրառվելու է ամբողջ աշխարհում:

Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբին Մյուսսեն ընդունեց, որ սա կարող է նվազեցնել վիզայի համար դիմողների թիվը, բայց` «սա է իրականությունը, եւ այս թանկացումը անհրաժեշտություն էր»:

«Երեկվա դրությամբ դեսպանատունը ավարտվող տարում ունեցել է 10 հազար 400 վիզայի դիմումներ, եւ այս թիվը կայուն է. մոտավորապես նույն քանակությամբ դիմորդներ են եղել նաեւ անցյալ տարի», - ասաց հյուպատոսը` հավելելով, որ այլեւս գաղնազերծված տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում անցնող տարվա ընթացքում ԱՄՆ-ի դեսպանատներ դիմած ՀՀ քաղաքացիների 61 տոկոսը մերժում են ստացել հյուպատոսական ծառայություններից:

«Այս ցուցանիշը կայուն է եղել վերջին 10 տարիների ընթացքում... Ցավալի է, բայց դա է իրականությունը», - հավելեց հյուպատոսը:

Հարցին, թե որ տոկոսն է, որ ստանում է մուտքի արտոնագիր, բայց խախտում է ժամկետները կամ ընդհանրապես չի վերադառնում, հյուպատոսը արձագանքեց, որ դա արդեն «կոնֆիդենցիալ» տեղեկատվություն է:

Նա ասաց, որ հստակ տեղեկատվություն չի կարող նշել, բայց, նրա խոսքերով, «հայերի մի զգալի մասը խախտում է վիզայի տրամադրման պայմանները եւ չի վերադառնում»:

Իսկ որո՞նք են վիզա ստանալու համար անհրաժեշտ պայմանները. դիմորդը, ըստ հյուպատոսի, պետք է կարողանա ապացուցել հյուպատոսական ծառայության աշխատակցին, որ Հայաստանում ունի այնպիսի աշխատանքային, ֆինանսական, տնտեսական եւ ընտանեկան կապեր, որ կստիպեն նրան վերադառնալ:

Հարցին, թե հնարավորություն կա՞ արդյոք հայտնաբերել այն մարդկանց, ովքեր խախտել են օրենքը եւ մնացել են ԱՄՆ-ում տուրիստական վիզայով, հյուպատոսը արձագանքեց. - «Կարճ պատասխանն է` այո: Բայց գործնականում դա դժվար է անել, քանի որ ԱՄՆ-ում չկա այցելուների գրանցման համակարգ... Իհարկե, եթե ներգաղթային ծառայության աշխատակիցները իմանան այդ մարդու տեղը, նրան հետ կուղարկեն, ինչը տեղի է ունեցում տարվա ընթացքում մի քանի անգամ»:

«Ես պետք է ընդունեմ, որ մենք երբեմն սխալվում ենք, բայց վստահ եմ, որ զգալի դեպքերում ճիշտ որոշում ենք կայացնում», - եզրափակեց հյուպատոսը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG