Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ուզում է հետաձգել «Թուրքական գարուն» փառատոնի անցկացումը


Եվրամիություն - Թուրքիա հարաբերությունների համեմատական ջերմացման ֆոնին լարվածություն է նկատվում ֆրանս-թուրքական հարաբերություններում:

Այսօրվանից Եվրամիության ու Թուրքիայի ներկայացուցիչները հնարավորություն կստանան բանակցել եւս երկու թեմաների`առողջապահության եւ տրանսպորտային համագործակցության խնդիրների շուրջ:

Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար Թուրքիային ներկայացված նախապայմանները ըստ կոնկրետ ոլորտների բաժանված են 35 գլխի, որոնց շուրջ բանակցությունները արգելափակվեցին անցած տարի`այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան հրաժարվեց բացել իր օդային տարածքն ու նավահագիստները Եվրամիության անդամ Կիպրոսի համար:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերջին մեկ տարում Բրյուսելը արգելքը վերացրել է արդեն հինգ բանակցային թեմաներից, որոնք հիմնականում ոչ թե քաղաքական, այլ սոցիալական ու տնտեսական բնույթի են:

Ի դեպ, Եվրամիության եւ Անկարայի հարաբերությունների նման համեմատական ջերմացման ֆոնին ֆրանս-թուրքական հարաբերությունները շարունակում են լարվել: Ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները` Նիկոլա Սարկոզիի վարչակազմը անում է ամեն ինչ, որպեսզի հետաձգի 2009-ին Ֆրանսիայում նախատեսված Թուրքական մշակութային կիսամյակի անցկացումը: Միջոցառումների շարքը, որ կոչվում է «Թուրքական գարուն», պետք է ներառեր մի շարք համերգներ, թուրք գրողների ստեղծագործությունների շնորհանդեսներ, կինոփառատոն եւ նույնիսկ նորաձեւության մրցույթ: Այժմ, սակայն, Ֆրանսիայի կառավարությունը դիմել է Թուրքիայի իշխանություններին` խնդրելով հետաձգել մշակութային այս փառատոնի անցկացումը: Ու թեեւ ֆրանսիական կողմը հավատացնում է, թե նման քայլը զուտ տեխնիկական պատճառներ ունի, հեղինակավոր «Թրիքշ Դեյլի Նյուս» պարբերականը պնդում է, որ «պատճառները զուտ քաղաքական են»:

«Ֆրանսիացիները չեն ցանկանում, որպեսզի համընկնեն թուրքական փառատոնի եւ 2009 թվականի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների քարոզչական արշավի ժամկետները», - թերթին փոխանցել է անունը բացահայտել չցանկացած մի բարձրաստիճան թուրք դիվանագետ` հավելելով. - «Փառատոնի ժամկետների փոփոխության առաջարկը թուրքական կողմի համար անընդունելի է»:

«Քաղաքական գործիչների վարկի վրա այնքան էլ դրական չեն անդադառնա գրքերի շնոհանդեսներին ու ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ ընթացող քննարկումները` նվիրված Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին», - այսպես են բացատրում թուրքական փառատոնը հետաձգելու ֆրանսիացիները ցանկությունը Թուրքիայում:

Ֆրանսիական կողմը, սակայն, Անկարայից հնչող մեղադրանքները հերքում է: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան խոսնակ Բերտրան Բուխվալտերը հայտարարել է. - «2009-ը որպես փառատոնի հստակ ժամկետ նշելը ճիշտ չէ` նման հստակ համաձայնություն չի եղել»: Փարիզում հակված են «Թուրքական գարուն» փառատոնը անցկացնել ոչ թե 2009, այլ 2010 թվականին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG