Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի փոխանցմամբ, «Սուրմալու» եւ «Փեթակ» տոնավաճառների աշխատակիցների համար սահմանվել է նոր հարկատեսակ. - «Այդ հարկատեսակից գոյացած գումարները, ըստ շրջանառվող լուրերի, ուղղվելու են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամ»: Թերթի տեղեկություններով` վերոհիշյալ տոնավաճառների սեփականատերերն իրենց կրպակատերերին պարտադրել են, որ յուրաքանչյուրը 200 հազար դրամ գումար մուծի Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամին: «Եվ որպեսզի որեւէ մեկը չփորձի հանկարծ ընդվզել, պահանջել են, որ վճարումից հետո ներկայացնեն նաեւ համապատասխան կտրոնները», - գրում է «Հայք»-ը:

«Հայոց Աշխարհ»-֊ը տպագրել է հարցազրույց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ: Թղթակիցը հարց է տալիս` «Պարոն Հակոբյան, հերթական ընտրություններն են մոտենում: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե իրավապահ մարմինները փորձեն խոչընդոտել նախընտրական շրջանում ընդդիմության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, ապա մի քանի ամիս անց, այն է` ընտրություններից հետո, այդ մարմինների աշխատակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Գորիկ Հակոբյանը պատասխանում է. - «Դառնալով նախկին նախագահի հայտարարությանը, կարող եմ ասել, որ մենք հանգիստ ենք վերաբերվում դրան. ՀՀՇ-ին հարիր գործելաոճ է։ Շատ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները եւ պատրաստ ենք օրենքով նախատեսված ու իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` կանխելու եւ խափանելու սահմանադրական կարգի հիմքերի խարխլմանն ուղղված ցանկացած դրսեւորում, ում կողմից էլ կատարվի»:

Իսկ «Հայկական ժամանակ»֊-ը զրուցել է ՀԺԿ-֊ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ: Թղթակիցը հարցնում է. - «Պարոն Դեմիրճյան, «Հ1֊ը երեկ հայտարարեց, որ հնարավոր է մոտ ապագայում դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված բեւեռից անջատվեք, եւ որպես իր ասածի հիմնավորում՝ մեջբերեց ձեր վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ դուք քննադատել եք Լեւոն Տեր֊-Պետրոսյանի իշխանության տարիները: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք»: Ստեփան Դեմիրճյանը պատասխանում է. - «Հ1-֊ը նաեւ մեջբերում արեց մի թերթից, թե իբր ես այդ գնահատականները տվել եմ մորս ազդեցության տակ: Նախ, մայրս չի միջամտում իմ քաղաքական գործունեությանը: Սակայն առհասարակ որեւէ բացասական բան չկա, եթե մարդ իր ծնողի հետ խորհրդակցում է կամ կրում է նրա ազդեցությունը: Եվ ովքեր սրա մասին հեգնանքով են խոսում կամ քաղաքական շահարկումների թեմա են դարձնում, ընդամենն ապացուցում են, որ իրենք անբարոյականի զավակ են: Ինչ վերաբերում է ազդեցություններին առհասարակ, քաղաքական գործիչը, ինչ խոսք, պետք է զերծ մնա տարբեր բացասական ազդեցություններից: Օրինակ, եթե երկրի ղեկավարը կրիմինալի ազդեցության տակ է, իսկ նրան սատարող քաղաքական լակեյները՝ նրա տված փողի, սա արդեն դժբախտություն է երկրի համար: Իսկ «Հ1»֊-ը, այդ անբարոյական մեկնաբանությունները ներկայացնելու փոխարեն, թող պատասխանի մեկ հարցի՝ ինչո՞ւ Կարեն Դեմիրճյանի 75-֊ամյակին նվիրված ֆիլմը մինչ օրս «Հ1»-֊ով չի ցուցադրվել»:

«Առավոտ»֊-ն իր խմբագրականում գրում է. - «Իշխանություններն իրենց «հայլուրական», կապը կտրած քարոզչությամբ կանխորոշում են նախընտրական բանավեճի մակարդակն ու ուղղվածությունը: Ներկայիս նախագահի` «հիշեցնելու» պարբերական սպառնալիքները եւ դրանց իրագործումը ընտրարշավը նմանեցնում են «քուչի բազարի»: Առավել ցավալի է, որ «իրար հիշեցնելու», իրար հետ հաշիվ մաքրելու պրակտիկան լայնորեն կիրառում են ընդդիմադիր թեկնածուները: (Այս հարցում կարելի է բացառություն անել թերեւս Արթուր Բաղդասարյանի համար, որն առայժմ պահպանում է fair play-ի կանոնները): Ընդ որում` բացի «հիշեցումներից», նրանք իրար մեղադրում են «Սերժին ծառայելու» մեջ: Մինչդեռ ավելի մեծ նվեր, քան իրար բզկտելը, նրանք Սերժ Սարգսյանին չեն կարող մատուցել»:

«Ժամանակ Երեւան»֊-ը պնդում է. - «Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Շիրակի մարզում լուրջ հակասություններ են առաջացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի միջեւ: Խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում պարզել, թե իրենցից ով է առաջիկա նախագահական ընտրություններում պատասխանատու Գյումրի քաղաքի համար: Սա կենսական նշանակության հարց է, քանի որ դրանով է պայմանավորված ոչ միայն ընտրակեղծիքների կազմակերպման ողջ գործընթացը, այլեւ այն, թե ով պետք է տնօրինի Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամի առատ ֆինանսական միջոցները»:

Անդրադառնալով ԱՄՆ֊-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի երեկվա առաջարկին՝ exit poll֊-եր, այսինքն տեղամասերում հարցումներ անցկացնելու վերաբերյալ, «Տարեգիր»֊-ը մեկնաբանում է. - «Սերժ Սարգսյանի բառերով՝ եթե ԱՄՆ֊-ի գործերի հավատարմատարը ծանոթ լիներ մեր ազգային մենթալիտետին, ապա նման առաջարկություն չէր անի, քանի որ exit pol-l֊երի բազմաթիվ փորձերն ապացուցել են մի պարզ ճշմարտություն. այդ «գիտությունը» մեզանում ոչ միայն շատ հեռու է ճշմարտությունից, այլեւ կարող է ցույց տալ բացարձակ հակառակ պատկերը, որովհետեւ մեզանում քաղաքացիները վախենում են ճշմարտությունն ասելուց»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG