Մատչելիության հղումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Ադրբեջանի օրեր» միջոցառումը


Երկուշաբթի օրը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացվեց «Ադրբեջանի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է «Հայաստան - Ադրբեջան – Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումն անցկացվում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքերով, միջոցառումը կօգնի այս փուլում «գոնե երեխաներին» ավելի լավ «ճանաչել եւ հարգել» մեր հարեւաններին:

«Մի քայլ է արված` շատ սովորական, կարծում եմ` ճիշտ, բայց ընդամենը մի քայլ», - ասաց Բլեյանը: - «Փորձ է արված, որպեսզի մեր սովորողները, ուսուցիչները, մենք բոլորս ավելի լավ ճանաչենք մեր հարեւաններին եւ արանքում, իհարկե, քննարկենք այն խնդիրները, որոնք այսօր առկա են»:

«Ի դեպ», - շարունակեց նա, - «այդպիսի կոչով դիմում են բոլոր միջազգային կազմակերպությունները: Դիմում է Հայաստանի ղեկավարությունը` այդպիսի պարտավորությունով, որ հասարակությանը պետք է նախապատրաստել, հասարակությունը պետք է լինի ավելի հանդուրժող, որ պետք է լինեն նոր նախաձեռնությունները, որ հասարակության բոլոր շերտերը, խավերը պիտի ներգրավվեն այդ պրոցեսի մեջ»:

Ադրբեջանի օրերին մասնակցում են նաեւ 6 ադրբեջանցիներ, ում անվտանգությունը ապահովելու նպատակով Երեւանում նրանց ուղեկցում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Ադրբեջանցի մասնակիցներից գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանի կարծիքով, նման քննարկումները, իհարկե, լավ են մտավորականների միջեւ շփումների համար, բայց մեր հասարակությունները պատրաստ չեն երկխոսություն սկսելուն:

«Բոլոր այս խաղաղարար ծրագրերը, նախաձեռնությունները ցանկացած պահի կարող է քանդել նետված մեկ արկը», - ասաց Բայջանը:

Ի պատասխան ադրբեջանական «APA» լրտվական գործակալության հարցին, թե ինչ պաշտոնական դիրքորոշում ունի ՀՀ արտգործնախարությունը Հայաստանում Ադրբեջանի շաբաթվա անցկացման վերաբերյալ, արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել է. - «Մենք դրական ենք վերաբերվում ցանկացած նախաձեռնությանը, որը միտված է Հարավային Կովկասում երկխոսության ծավալմանը»:

«Կարծում ենք, այս նախաձեռնությունը վառ ապացույց է մեր նվիրվածությանը երկխոսությանն ու խաղաղությանը, այն ինչ մասին Մադրիդում Ձեզ տրված հարցազրույցում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը», - հավելել է Կարապետյանը: - «Նման միջոցառումները չլինելով ինքնանպատակ, պետք է ունենան իրենց շարունակությունը ծրագրում ներգրավված բոլոր երկրներում: Հանրային դիվանագիտության եւ ժողովրդական շփումների միջոցով է, որ հնարավոր է նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG