Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Ադրբեջանը երբեք չի համաձայնի որեւէ այլ պետության զիջել իր տարածքները»


«Ադրբեջանը երբեք չի համաձայնի որեւէ այլ պետության զիջել իր տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ադրբեջանական լրատվամիջոցներին:

«Հայաստանի հետ բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը մշտապես հանդես է գալու որպես հիմնական սկզբունք», - ընդգծել է նա:

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե ինքը լիահույս է եւ նույնիսկ վստահ, որ մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է Ադրբեջանի հետ Lեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նախնական համաձայնության գալ` Ադրբեջանի փոխարտգործնախարարն ասել է. - «Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ այժմ Հայաստանի իշխանությունները կազմակերպում են Սերժ Սարգսյանի այցերը արտասահման: Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, բայց այդօրինակ բարձր մակարդակով արվող հայտարարությունները մի փոքր չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դեռեւս առկա են թեեւ մի քանի, այդուամենայնիվ, սկզբունքային հարցեր, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»:

«Մեկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպետք է հանգեցնի մեկ այլ պետության տարածքային ամբողջականության խախտմանը», - ասել է Արազ Ազիմովը եւ հավելել. - «Lեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարող է իրագործվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. այդօրինակ մոդելներ կան եվրոպական երկրների պատմության մեջ»:

Ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարարի, բանակցություններում պաշտոնական Բաքվի համար հաջորդ սկզբունքային հարցը ադրբեջանցի փախստականների վերադարձն է Lեռնային Ղարաբաղ ու «գրավյալ» տարածքներ:

«Այդ սկզբունքը պաշտպանվում է նաեւ միջազգային հանրության կողմից», - ասել է Ազիմովը:

«Ադրբեջանի ղարաբաղյան շրջանի ապագա կարգավիճակը կարող է որոշվել միայն հայկական եւ ադրբեջանական համայնքների հավասար մասնակցության ու անվտանգության հավասար երաշխիքների դեպքում», - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG