Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի զեկույցը արագ տնտեսական զարգացում է արձանագրում Հայաստանում


«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է «Երկրների վարկանիշ - 2008» զեկույցը, որում ներկայացված են տվյալներ ցածր եւ ցածրից միջին եկամուտ ունեցող 108 երկրների, այդ թվում` Հայաստանի մասին: Զեկույցը, որի տվյալների հիման վրա է կորպորացիան որոշում այս կամ երկրին ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցը, արագ տնտեսական զարգացում է արձանագրել Հայաստանում. առաջին անգամ մեկ շնչին ընկնող եկամուտը կազմել է 1930 դոլար, եւ Հայաստանը դասվել է ցածրից միջին եկամուտ ունեցող երկրների թվին:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ավելի քան 235 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի շարունակման համար Հայաստանը պետք է իր նոր խմբում միջինից բարձր ցուցանիշներ ապահովի այնպիսի ցուցիչների տեսանկյունից, ինչպիսին են «Արդար կառավարումը», «Ներդրումները մարդկանց մեջ» եւ «Տնտեսական ազատությունները»:

«Եթե երկիրը չի ապահովում համապատասխան ցուցիչներ բոլոր երեք կատեգորիաներից առնվազն կեսում եւ չի բավարարում կորպորացիայի պահանջը, ապա կարող է դուրս մնալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի պայմանագրից: Եթե կորպորացիան կարող է այս տարի դուրս չթողնել երկիրը պայմանագրից` հնարավորություն տալով բարելավել ցուցանիշները իր նոր խմբի երկրների համեմատությամբ, ապա պարզ է, որ երկրից զգալի առաջընթաց է ակնկալվում կառավարման ու սոցիալական հարցերի ոլորտում», - փաստում են զեկույցի հեղինակները, ովքեր իրենց հետեւությունները կատարել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» եւ «Ֆրիդոմ հաուս» կազմակերպություններ վերջին հետազոտություններ վրա:

«Երկրում առկա է հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը` բիզնեսին աջակցելու, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի եւ հարկային ոլորտներում, թեեւ պետք է ուշադրություն դարձնել նաեւ կառավարման ու սոցիալական այլ հարցերի», - ամփոփում է զեկույցը:

«Հազարամյակի մարտահրավերներ - Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել զեկույցը` շեշտելով, թե դա Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինի իրավասությունն է:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG