Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. «Նախկին իշխանությունները քաղաքացիական պատերազմի սանձազերծման ջատագովներ են»


«Ամենը արվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրությունների կամ ընթացքում, կամ հետո քաղաքացիական պատերազմ սանձազերծվի. արդեն իսկ դա ակնհայտ է, եւ դրա ջատագովները նախկին իշխանություններն են», - հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրված` «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը այսօր կայացած ասուլիսում:

Նրա համոզմամբ, նախկին իշխանությունները գիտակցում են, որ ընտրություններում անգամ 5-6 տոկոս հավաքելու ոչ մի շանս չունեն, այդ իսկ պատճառով հրահրելու են քաղաքացիական բախումներ, արդեն ծրագրեր կան 400-500 ընտրատեղամասերում բախումներ հրահրելու մասին:

Գեղամյանը նաեւ զգուշացրեց, որ հունվարին արտասահմանյան եւ տեղական մամուլում ստահոդ կոմպրոմատների հեղեղ է լինելու իշխանություների եւ ընդդիմության հասցեին:

Նա նաեւ մի շարք հարցեր հնչեցրեց անցյալի մասին` հիշելով Հայաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի, Հայաստանի երկաթգծի վարչության նախկին պետ Համբարձում Ղանդիլյանի, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունները, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների օրոք:

Ինչ վերաբերում է ներկա իշխանություններին, ապա վերջինները, ըստ «Ազգային միաբանության» առաջնորդի, վերը նշված սցենարի դեպքում «հակադրելու են ավելի բիրտ ուժ, որը եւ հանգեցնելու է քաղաքացիական բախումների»:

«Մենք ամենը անելու ենք, որ թույլ չտանք` զարգացումները գնան այդ հունով», - հավաստիացրեց Արտաշես Գեղամյանը:

Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս են նախկին իշխանությունները քաղաքացիական բախումներ հրահրելու, երբ, իր իսկ պնդմամբ, նրանք նույնիսկ 5 տոկոս ընտրազանգված չունեն, Գեղամյանը հայտարարեց. - «Ինչպե՞ս հրահրեցին քաղաքացիական ընդվզում 1990 թվականի մայիսի 27-ին: 20-22 հոգով սադրանք արեցին կայարանում, սադրանքի արդյունքում արյուն հեղեղվեց` ահա ձեզ քաղաքացիական բախում: Նրանք դրա մեջ հմտացած են»:

Նա դեմ է այն մտայնությանը, որ «եթե ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա` Սերժ Սարգսյանը». - «Եթե դրա մեջ համոզված լինեինք, էլ ինչի՞ էինք մենք առաջադրվում: Հենց այդ մտայնության վրա են կառուցել քարոզարշավը»:

Նրա համոզմամբ, իշխանության պետք է գա երրորդ ուժ` ոչ նախկինները եւ ոչ էլ ներկաները:

«Ազգային միաբանության» առաջնորդը ենթադրում է, որ «առաջիկա ընտրությունները լինելու են շատ ավելի արդար, քան եղել են 2003-ին, քան եղել են 1996 թվականից ի վեր բոլոր ընտրությունները»:

Նման լավատեսության առիթը, ըստ Գեղամյանի, մասնավորապես այն է, որ ընտրությունները դեռ չսկսված` իշխանությունները ամենատարբեր միջազգային կառույցների մասնակից են դարձնելու գործընթացին, քանի որ նրանք գիտակցում են, որ եթե ժողովրդի քվե չունեցող մարդը գա իշխանության` այդ վարչակազմը կտապալվի:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է իր հիմնական թիրախը Տեր-Պետրոսյանին դարձրել, «Ազգային միաբանության» առաջնորդը հակադարձեց, թե Հայոց համազգային շարժումը եւ «ՀՀՇ-ական մամուլն» է խախտել նախնական պայմանավորվածությունը եւ իր դեմ արշավ է սկսել. - «Իրենք են սկսել, երկու շաբաթ համբերատար լռել ենք»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG