Մատչելիության հղումներ

Մոսկվայի հայ մաֆիոզները Արզաքանցյանից 1 միլիոն դոլար են պահանջել


Մոսկվայի իրավապահները երեկ ձերբակալել են 35-֊ամյա Ալեքսանդր Սարիբեկյանին, ով անդամակցում է հանցավոր խմբավորմանը, որը փորձել է 1 միլիոն դոլար շորթել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Great Valley ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանից:

«Կոմերսանտ» թերթն այսօր գրում է, որ երկու ամիս առաջ հենց Սարիբեկյանն է «Մետրոպոլ» խաղատանը կրակել Արզաքանցյանի վրա եւ վիրավորել նրան:

Թերթի վկայությամբ՝ քննիչներին հաջողվել է պարզել, որ Արզաքանցյանը մտադրվել է սեփական գործ բացել Մոսկվայում: Այդ մասին տեղեկացել է Մոսկվայում գործող հայկական հանցավոր խմբավորումը, որը պահանջել է 1 միլիոն դոլար «գործ բացելու թույլտվության» համար:

Խմբավորման անդամներից երկուսը այդ օրը եկել են խաղատուն եւ պատասխան պահանջել Արզաքանցյանից: Վերջինս մերժել է, ինչից հետո Սարիբեկյանը կրակել է նրա ուսին, իսկ մյուս հանցագործը դանակահարել է հայաստանցի խորհրդարանականին, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Այժմ Արզաքանցյանը շարունակում է բուժումը Եվրոպայում:

Սարիբեկյանի ատրճանակը մինչեւ այժմ չի հայտնաբերվել: Որոնման մեջ է նաեւ հարձակման երկրորդ մասնակիցը, սակայն, ինչպես գրում է թերթը, իրավապահները համոզված են, որ նրան գտնելու համար կպահանջվի ընդամենը մի քանի օր:

Իսկ «Գազետա» թերթն ավելացնում է, որ «Ալիկո» մականունով Սարիբեկյանը նախկինում դատվել է շորթելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG