Մատչելիության հղումներ

Այսօր ստորագրվելու է Եվրամիության «Բարեփոխումների պայմանագիրը»


Այսօր Լիսաբոնում ստորագրվելիք Եվրամիության «Բարեփոխումների պայմանագրով» կփոխարինվի այդպես էլ չընդունված սահմանադրությունը, որի նախագիծը 2005 թվականին հանրաքվեներով մերժել են նախ Ֆրանսիան, ապա` Հոլանդիան:

27 անդամ ունեցող Եվրամիությունը նախագծում հրաժարվել է «սահմանադրություն» անվանումից եւ խորհրդանիշերից, սակայն մերժված սահմանադրության կարեւոր դրույթները հիմնականում պահպանվել են:

Եվրամիության ղեկավարներն ընտրելու են Եվրոպական խորհրդի նախագահ` 2,5 տարի ժամկետով:

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով զբաղվելու է մեծ լիազորություններով օժտված գերագույն ներկայացուցիչը:

Եվրոյի գոտում գտնվող երկրների ֆինանսների նախարարները 2,5 տարով «եվրոյի խորհրդի» նախագահ կընտրեն:

Արդարադատության եվրոպական դատարանը կստանա նոր լիազորություններ եւ, մասնավորապես, կորոշի, թե՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի, որքանո՞վ են անդամ երկրների օրենքները համապատասխանում Եվրամիության օրենսդրությանը:

Բրիտանացիների եւ իռլանդացիների համար բացառություն է արվել, քանի որ այդ երկու պետությունները կտրականապես մերժել են ներքին գործերի եւ արդարադատության համակարգերի ենթարկումը Եվրամիության օրենսդրությանը:

Այստեղ կա մի նախապայման. պաշտոնական Լոնդոնը եւ Դուբլինը չեն կարողանա խանգարել այլ երկրներին՝ գործելու օրենսդրական ընդհանուր դաշտում:

Ազգային խորհրդարանները կունենան «եվրաօրենքների» նախագծերի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու եւ հարկ եղած դեպքում օրինագծի ընդունումը կանխելու հնարավորություն:

Քվեարկության ներկայիս համակարգը կպահպանվի մինչեւ 2014 թվականը, ապա կփոխարինվի ավելի ժողովրդավար «կրկնակի մեծամասնության» տարբերակով, ըստ որի` որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկում Եվրամիության ընդհանուր բնակչության 65 տոկոսը ներկայացնող երկրների 55 տոկոսը: Ընդ որում, 2014-2017 թվականներին որեւէ երկիր իրավունք կունենա պահանջել վերադառնալ քվեարկության հին տարբերակին: Երկրները, որոնք չեն կարողանա արգելափակել այս կամ այն որոշումը, կունենան դրանց իրագործումը մի քանի ամսով հետաձգելու հնարավորություն:

Այսօր Լիսաբոնում ստորագրվելիք պայմանագիրը պետք է վավերացվի 27 անդամ երկրների խորհրդարաններում եւ ուժի մեջ կմտնի 2009 թվականից:

Նախօրեին Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեսն ասել է, որ այդ պայմանագիրը «մեծ հաղթանակ է ամբողջ Եվրամիության համար»:

Պորտուգալիայում ցանկանում են, որպեսզի փաստաթուղթն անվանվի «Լիսաբոնի պայմանագիր»:

Եվրամիության ղեկավարները Լիսաբոնից վաղը կմեկնեն Բրյուսել, որտեղ գումարվում է տարեվերջյան ավանդական գագաթնաժողովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG