Մատչելիության հղումներ

Սարատով գումարած Էնգելս` հավասար է Պուտի՞ն


«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, Սարատովի քաղաքային դումայի տեղական ինքնակառավարման հանձնաժողովն այսօր քննարկելու է մի խումբ ակտիվիստների առաջարկը` Վոլգայի ափերին կառուցված եւ կամրջով հաղորդակցվող Սարատով եւ Էնգելս քաղաքները միավորելու եւ նոր քաղաքը «Պուտին» անվանելու վերաբերյալ:

Թերթի փոխանցմամբ, նախաձեռնության հեղինակ` «Ռուսաստանի հայրենասերներ» հասարակական կազմակերպության անդամ Ալեքսանդր Սիդորենկոն այդ ծրագիրը ներկայացրել է դեռ նոյեմբերի 2-ին:

Սարատովի բնակչության թիվը 845 հազար է, Էնգելսինը՝ 224 հազար, ուստի միավորման դեպքում կստեղծվի նոր միլիոնանոց քաղաք, ինչի մասին տասնամյակներ շարունակ երազել են, նախ եւ առաջ, սարատովցիները:

Թերթը նշում է, որ միլիոնանոց քաղաք դառնալու ցանկությունը չի բացատրվում սոսկ «հեղինակության» հանգամանքով, այլ ունի նաեւ միանգամայն գործնական իմաստ, քանի որ մեկ միլիոնից ավելի բնակիչներ ունեցող քաղաքներն այլ կերպ են կազմում բյուջեները, եւ դրանց ծախսային մասն ունենում է մի շարք լրացուցիչ հոդվածներ:

Սիդորենկոն առաջարկել էր ստեղծվելիք մեգապոլիսն անվանել «Գագարին», քանի որ մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը սովորել է Սարատովի արդյունաբերական ուսումնարանում եւ, բացի այդ, տիեզերական թռիչքից հետո վայրէջք է կատարել հենց Սարատովի մարզի տարածքում: Սակայն երբ հետագայում պարզվել է, որ «Գագարին» անունով ավան արդեն կա Սմոլենսկի շրջանում, «Ռուսաստանի հայրենասերներ»-ը առաջարկել է ստեղծվելիք քաղաքին տալ գործող նախագահի անունը՝ «Պուտին»:

Սարատովի եւ Էնգելսի քաղաքապետարանների պաշտոնյաները ենթադրում են, որ այդ նախաձեռնությունը հատկապես «Պուտին» անվան առումով կմերժվի:

Այսօր Սարատովի քաղաքային դումայի տեղական ինքնակառավարման հանձնաժողովը կքննարկի երկու քաղաքների միավորման հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Հավանության դեպքում, «Ռուսաստանի հայրենասերներ»-ը պետք է սեփական միջոցներով անցկացնի ստորագրահավաք, եւ եթե 24 հազար բնակիչ միանա նախաձեռնությանը, ապա հարցը կներկայացվի հանրաքվեի:

Էնգելսցիներից շատերը մտահոգություն են հայտնել, թե Սարատովին միանալու դեպքում «քաղաքը կկորցնի իր պատմական դեմքը, եւ այդ ժամանակ այլեւս նշանակություն չի ունենա, թե Էնգելսը ո՞ր քաղաքի շրջանն է դարձել՝ Սարատովի՞, թե՞ Պուտինի»:

«Նեզավիսիմայա գազետա»-ն նշում է, որ Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում վերջին ամիսներին քննարկվում է հարեւան քաղաքների միավորման հարցը: Օրինակ, առաջարկվում է միավորել Տոմսկը եւ Սեւերսկը, Իրկուտսկը, Անգարսկը եւ Շելեխովը, ինչպես նաեւ Դոնի Ռոստովը եւ Ազովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG