Մատչելիության հղումներ

Այսօրվանից Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին


Այսօր կեսգիշերից Ռուսաստանը պաշտոնապես սառեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, 1990 թվականին ստորագրված եւ 1999-ին լրամշակված պայմանագիրը հստակ սահմանում է Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալյան լեռներ տեղակայվող զորքի եւ ծանր տեխնիկայի քանակը:

Սառեցնելով մասնակցությունը պայմանագրին` Ռուսաստանը ձեռք է բերում զորքը տեղաշարժելու եւ այդ մասին ՆԱՏՕ-ին չնախազգուշացնելու իրավունք:

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կատարում պարտավորությունները, շարունակում է ընդարձակումը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ չեն վավերացնում պյամանագրի 1999 թվականի լրամշակված տարբերակը, ուստի մասնակցությունն այդ պայմանագրին իր համար անիմաստ է դառնում: Միաժամանակ, Ռուսաստանը վստահեցրել է, որ կվերականգնի մասնակցությունը այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի երկրները վավերացնեն եւ կատարեն պայմանագրի դրույթները:

ՆԱՏՕ-ն ժամանակին հայտարարել է, թե պատրաստ է կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի զորքերը Մոլդովայից եւ Վրաստանից:

«Այս սառեցումը չի նշանակում պայմանագրի վերջ, պարզապես, մենք այսպես փորձում ենք հրավիրել մեր գործընկերների ուշադրությունն այս անբարենպաստ իրավիճակի վրա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության անվտանգության բաժնի ղեկավար Անատոլի Անտոնովը:

Ռուսաստանի ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերն էլ ասել է, թե «այդ պայմանագիրը մեռած է», եւ հավելել, որ «ռուսներն անպայման իրենց զորքը կմոտեցնեն Բալթյան երկրների սահմաններին»:

«Զուտ տնտեսական տեսակետից էլ ավելի նպատակահարմար է զորքը Սիբիրից տեղափոխել Լենինգրադի մարզ, որովհետեւ Սիբիրում բանակ պահելն առնվազն 2-3 անգամ ավելի թանկ է, մյուս կողմից, դա կլինի նաեւ Արեւմուտքին հասցեագրված հզոր ազդանշան, այնպես որ` ռուսները բոլոր դեպքերում շահում են», - ասել է փորձագետը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG