Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կշարունակի Թուրքիայի հետ «միջկառավարական քննարկումները»


Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երեկ որոշել են շարունակել պաշտոնական Անկարայի հետ բանակցությունները: Ընդունված նոր փաստաթղթում, սակայն, դրանք բնորոշվում են ոչ թե որպես Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցություններ, ինչպես նախկինում, այլ` «միջկառավարական քննարկումներ»:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս փոփոխությունը պնդել է Ֆրանսիան, որի նախագահ Նիկոլա Սարկոզին լրջորեն ընդդիմանում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Թուրքիայի անդամակցության օգտին հանդես են գալիս, մասնավորապես, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան, որի արտգործնախարարը երեկ գործընկերներին հիշեցրել է. - «Եվրոպական ընտանիքը պետք է իրականացնի Թուրքիայի առջեւ ստանձնած պարտավորությունները»:

Չնայած առկա տարաձայնություններին` այդուամենայնիվ, կառույցի անդամ 27 երկրներին երեկ հաջողվել է միասնական հայտարարություն ընդունել, որտեղ, մասնավորապես, ամրագրված է, որ Թուրքիան քաղաքական բարեփոխումների առումով 2007 թվականին չափավոր առաջընթաց է արձանագրել:

«Հավելյալ ջանքեր են անհրաժեշտ արդարադատության համակարգը բարեփոխելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, ազգային փոքրամասնությունների, կանանց եւ երեխաների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», - հայտարարել են Եվրամիության արտգործնախարարները: Նրանք նաեւ հերթական անգամ կոչ են արել Անկարային Կիպրոսի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել եւ Քրդական աշխատավորական կուսակցության շուրջ առկա տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Թուրքիան հրաժարվում է իր նավահանգիստներն ու օդակայանները բացել Եվրամիության անդամ Կիպրոսի առջեւ, ինչին ի պատասխան` Եվրամիությունը սառեցրել է այդ երկրի անդամակցության հարցով բանակցությունները 35 կետերից 8-ի շուրջ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG