Մատչելիության հղումներ

«Իմեդի»-ի աշխատակիցները այսօր կվերադառնան իրենց աշխատավայրը


Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցները գրեթե մեկամսյա ընդմիջումից հետո այսօր կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայրը: Դա հնարավոր դարձավ, երբ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն դատախազությանը դիմեց հեռուստաընկերության գույքի վրա սահմանված կալանքը վերացնելու խնդրանքով:

«Չորեքշաբթի օրը «Իմեդի»-ի աշխատակիցները հնարավորություն կստանան մուտք գործել հեռուստաընկերության տարածք, որպեսզի կարողանան պատրաստվել հեռարձակման վերականգնմանը», - հայտարարեց Բուրջանաձեն:

Ըստ «Իմեդի»-ին մոտ կանգնած աղբյուրների` հեռուստաընկերությունը եթեր կվերադառնա մինչեւ շաբաթավերջ:

Օրերս «Իմեդի»-ի հեռարձակումները վերսկսելու հստակ ժամկետ էր առաջ քաշել Թբիլիսիում գտնվող լեհ հեղինակավոր լրագրող եւ քաղաքական գործիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիր անդամ Ադամ Միխնիկը, ով վերջին շաբաթներին վրացական իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ընթացող բանակցություններում յուրատեսակ միջնորդի դեր էր ստանձնել:

«Եթե մեկ շաբաթվա ընթացքում «Իմեդի»-ն չվերաբացվի, ապա ես ստիպված կլինեմ ի լուր աշխարհի հայտարարել, որ Վրաստանի իշխանությունը նախընտրական շրջանում սահմանափակում է բազմակարծությունը հեռուստաեթերում», - ասել էր Միխնիկը:

Զուգահեռաբար` Վրաստանի իշխանությունները բանակցում են «Իմեդի»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր News Corporation ընկերության հետ:

Հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի տնօրեն Գեորգի Թարգամաձեն երեկ հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները ցանկանում են գնել «Իմեդի»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը` այդ կերպ վերահսկողություն սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG