Մատչելիության հղումներ

Հեռուստամարաթոն` «Թատրոն» հիմնադրամի ստեղծման նպատակով


Թատերական գործիչների միության նորընտիր նախագահ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի կունենա հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակված գումարներով ստեղծվելու է «Թատրոն» հիմնադրամ:

Չորս ժամ տեւողությամբ հեռուստամարաթոնը հեռարձակվելու է Հայկական երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում` ժամը 18:30-ից: Հեռուստամարաթոնը կբացի Թատերական ինստիտուտի ռեկտոր, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Միջոցառման ընթացքում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես կգան հայկական թատերարվեստի լավագույն ներկայացուցիչները:

Հակոբ Ղազանչյանի հավաստմամբ, ստեղծվելիք հիմնադրամն օժանդակելու է թատերարվեստի զարգացմանը: Մասնավորապես, Թատերական գործիչների միության շենքի երրորդ հարկում կառուցվելու է 100-տեղանոց ժամանակակից թատերասրահ, որտեղ տարբեր թատրոնների դերասանների եւ ռեժիսորների կողմից կիրականացվեն ամենատարբեր թատերական նախագծեր: Թատերասրահը կսկսի գործել հաջորդ տարվա մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը:

Թատերական գործիչների միության նախագահը հույս ունի, որ հեռուստամարաթոնը նաեւ «շատ կարեւոր մի խորհրդանիշ կդառնա Թատերական գործիչների միության համախմբման, Թատերական գործիչների միության լինելու եւ այն մասին, որ միության անդամները պատրաստ են կանգնել իրենց միության թիկունքում, որպեսզի ստեղծվի այդ հիմնադրամը»:

«Արդեն իսկ մեր նամակներին բավական արձագանքներ կան, մենք աշխատանք տանում ենք», - ասաց Հակոբ Ղազանչյանը` հավելելով, որ արձագանքները հիմնականում պետական այրերի կողմից են. - «Մեր մեծահարուստների կողմից շատ քիչ տոկոս է, շատ քիչ` անհարմար եմ զգում նույնիսկ ասել»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG