Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Նոր սկզբունքներ չկան»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի ամենամյա ժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահող երկրների արտգործնախարարների (ԱՄՆ-ն ներկայացված էր փոխարտգործնախարարի մակարդակով) մասնակցությամբ:

«Մենք բավականությամբ նշում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են գալիք տարում շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները», - ասված է նախարարների խորհրդի ընդունած հայտարարությունում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց, որ ներկայացված փաստաթղթում «նոր սկզբունքներ չկան»:

«Նույն փաստաթուղթն է, ինչ երկու տարի է մոտավորապես արդեն սեղանի վրա է: Պարզապես փաստաթղթում այն հարցերի շուրջ, որ դեռեւս չկա համաձայնություն, համանախագահողները ներկայացրել են իրենց տարբերակը կողմերին` նրանց քննարկման համար: Սա է միակ նորությունը այդ փաստաթղթում: Դրա համար էլ պետք է զգույշ լինել գնահատականների մեջ, որովհետեւ մակարդակը բարձր էր, եւ կարող է ակնկալությունները մեծ լինեն», - ասաց Վարդան Օսկանյանը:

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ համանախագահները ցանկանում են, որ մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները ստորագրվի համաձայնագիր առանցքային սկզբունքների շուրջ, Օսկանյանը արձագանքեց. - «Ստորագրման մասին ընդհանրապես խոսք չկա: Միգուցե նրանց ցանկությունը դա է... Իհարկե, համանախագահները միշտ էլ, երբ նոր բան են ասում, կամ հարց են բարձրացնում, դա նախագահների մակարդակով է լինում... Ճնշում, որպես այդպիսին, չկա»:

«Կան ցանկություններ: Iհարկե, բոլորը կուզենան տեսնել, որ այն աշխատանքը, որ երկու տարի է տարվում է, հանկարծ չկորի», - շարունակեց նախարարը: - «Որովհետեւ կան նախագահական ընտրություններ, կլինեն նոր նախագահներ, եւ ուզում են, որ ինչ-որ բան մնա մշտական, որպեսզի հիմք ծառայի հետագա բանակցությունների համար: Սա է, ես կարծում եմ, համանախագահների նպատակը, եւ սա պետք չէ ընկալել որպես ճնշում»:

Օսկանյանը նաեւ հերքեց իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի` ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասածը, թե քննարկվող փաստաթղթում լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք չկա:

«Իհարկե, կա», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Բոլոր հարցերն էլ կան: Դա սկզբունքների առումով ամբողջական է: Հարցի կարգավորման բոլոր սկզբունքներին, տարրերին անդրադառնում է [ փաստաթուղթը], այլապես չէր կարող փաստաթուղթը ամբողջական լինել»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG