Մատչելիության հղումներ

Դաշնակցության թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է


Հայ հեղափոխական դաշնակությունը (ՀՅԴ) արտակարգ գերագույն ժողովում ուրբաթ օրը որոշեց 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրել Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը:

Վահան Հովհաննիսյանի օգտին տրվեց 60 ձայն, Արմեն Ռուստամյանի օգտին` 16:

Վահան Հովհաննիսյանը, քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո շնորհակալություն հայտնեց առաջին հերթին ՀՅԴ-ին` նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով գնալու որոշման համար. - «Որովհետեւ այդքան էլ էական չէ` այստեղ, այս ամբիոնից այս շնորհակալության խոսքը ես կասեմ, թե Արմեն Ռուստամյանը»:

Քվեարկությունից առաջ իր ելույթում Վահան Հովհաննիսյանը նշեց համակարգային խնդիրներ ու հարց բարձրացրեց, թե ումից սպասենք լուծումները. - «Այսօր նորից ակտիվացած երեկվա իշխանությունների՞ց` բացառված է. նրանց լավ գիտենք եւ չենք մոռացել... Այսօրվա՞ իշխանություններից, որոնց հետ համագործակցել ենք եւ համագործակցում ենք, որոնց հետ ճանապարհ ենք անցել... բայց փորձը, ես քիչ առաջ շարադրեցի` բավական է: Մենք ընդունակ ենք եւ պատրաստ ենք ինքներս այդ համակարգային փոփոխությունները իրականացնել... Մենք ընտրում ենք ապագան: Մենք միայնակ չենք մեր ընտրության մեջ: Հայաստանում քիչ չեն քաղաքական ուժերը եւ անհատները, որոնց հոգեհարազատ են նույն այն սկզբունքները, որոնց վրա կանգնած է մեր կուսակցությունը»:

Հրավիրվածների թվում էր նաեւ Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, ով 1996 թվականի նախագահական ընտրություններում վայելել է նաեւ ՀՅԴ-ի աջակցությունը:

Իր ելույթում Վազգեն Մանուկյանը ասաց. - «Ամենակարեւոր հանգամանքը դա ազատ մարդն է: Չեղավ ազատ մարդ` մենք կորցնելու ենք ամեն ինչ: Եվ ես նորից կոչ եմ անում Դաշնակցությանը... ուս-ուսի գնալ եւ փորձել երկրում այն փոփոխությունները կատարել, որպեսզի մեր մարդիկ իրենց զգան հպարտ, զգան հայ, եւ իրենց ամբողջ կարողությամբ մասնակցեն մեր ազգային կյանքին»:

«Հին ընկերները պետք է վերամիավորվեն», - եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր ելույթում ասաց. - «Պարզ է նաեւ, որ նախկին եւ ներկա ժամանակահատվածների համեմատությունը անհրաժեշտ չէ անցկացնել սոսկ մեկին մեղադրելու եւ մյուսին արդարացնելու միտումով, որովհետեւ այդպիսի համեմատությունը երկու իշխանություններից էլ դժգոհ ու հիասթափված մարդկանց համար նմանվում է երկու պղտոր ջրերի համեմատության... Որպեսզի ավելի հստակ դառնա 98 թվականի իշխանափոխության իմաստը` նախկինների գնահատումների պարագայում պարզապես բնական հարց է առաջանում` իսկ ովքե՞ր են դատավորները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG