Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստը այսօր կավարտի աշխատանքները


Այսօր Մադրիդում աշխատանքները կամփոփի ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի ամենամյա նիստը:

Նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը՝ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ 3ուրի Մերզլյակովի մասնակցությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, «փաստորեն, երկու հանդիպում է տեղի ունեցել», առաջինը` Մինսկի խմբի համանախագահների, երկրորդը` համանախագահող երկրների երկու արտգործնախարարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի մասնակցությամբ:

Առաջին հանդիպման ժամանակ, Վլադիմիր Կարապետյանի խոսքերով, «մի քանի հարցի են անդրադարձել նախարարները` մասնավորապես, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների նիստին, դրա ընթացքում ընդունվելիք հռչակագրում հակամարտություններին վերաբերող դրույթներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության [կարգավորման գործընթացում] դեռեւս չհամաձայնեցված հարցերին»:

Երկրորդ հանդիպմանը, ըստ արտգործնախարարության խոսնակի, «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցվեց հիմնական սկզբունքների այն տեքստը, որի մեջ որոշ առաջարկություններ էին ներկայացրել համանախագահները այն հարցերի վերաբերյալ, որոնցում չկա համաձայնություն»:

Կարապետյանը հայտնեց նաեւ, որ «երբ այդ փաստաթուղթը բերվի մայրաքաղաքներ եւ քննարկվի, դրանից հետո ակնկալվում է, որ տարածաշրջան կժամանեն Մինսկի խմբի համանախագահները` ծանոթանալու կողմերի մոտեցումներին»:

Մադրիդում գումարված համաժողովի մասնակիցները անդրադառնում են մի շարք հրատապ միջազգային թեմաների, այդ թվում Կոսովոյի կարգավիճակի շուրջ ծավալված զարգացումներին:
Համաժողովի առաջին օրը` նոյեմբերի 29-ին, Մադրիդում սուր բանավեճ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակների միջեւ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը, մասնավորապես, ասել է, թե ռուսական կողմը փորձում է թուլացնել ԵԱՀԿ-ի դիրքերը` այդ կազմակերպության դիտորդների համար չստեղծելով կիրակի օրը կայանալիք Պետդումայի ընտրությունների ընթացքը հսկելու անհրաժեշտ պայմաններ:

Ռուսաստանը չի ընդունում այդ քննադատությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG