Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Ընդդիմադիր «մետելիցա» վերնագրված խմբագրականում գրում է. - «Եթե դուք երբեւէ անցել եք այսօր Երեւանում վերակառուցվող փողոցների շինարարության կողքով, ապա անպայման նկատած կլինեք, որ այդ շինհրապարակներում ամեն մի բանվորին պարտադիր «հասնում է» առնվազն երեք փողկապավոր «պրարաբ»: Դա, ըստ երեւույթին, ոչ թե ազգային, այլ «տարածաշրջանային» մենթալիտետի դրսեւորում է, երբ բոլորն ուզում են «նաչալնիկ» լինել ու ցուցումներ տալ»: «Դժվար է պատկերացնել, օրինակ, «Ազգային միաբանության» որեւէ ֆունկցիոների, որն իր ելույթում 6-7 անգամ չհիշատակի Արտաշես Գեղամյանի անունը», - նշում է թերթի գլխավոր խմբագիրը` ընդգծելով. - «Կույր երկրպագություն` ահա թե ինչ են պահանջում կուսակցական «նաչալնիկները», եւ հասկանալի է, որ քաղաքական կառույցում երրորդ կամ չորրորդ դեմք լինելով` գործիչն այլեւս չի կարող հավակնել «պրարաբի» դափնիներին»:

Պնդելով, որ քաղաքական դաշտում երրորդ ուժեղ բեւեռ ձեւավորած թեկնածուն դառնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի իրական հավակնորդ` «Իրավունք» թերթի մեկնաբանը բխեցրել է. - «Ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը հաշվի առնելով, ընտրությունները մի փուլով ավարտել չի հաջողվի։ Բայց երկու փուլով ընտրական գործընթացն ավարտելու անխուսափելիությունն ինքնին գալիս է ապացուցելու, որ անցած ժամանակահատվածում իշխանությունները, մեղմ ասած, այդքան էլ հաջողված քարոզարշավ չեն կազմակերպել հիմնական թեկնածուի համար։ Քանզի սկզբնական շրջանում բոլոր փորձագետների գնահատմամբ Սերժ Սարգսյանն ունեցած վարչական, քաղաքական, ֆինանսական ռեսուրսների հաշվառմամբ հաղթում էր նույնիսկ առաջին փուլում։ Այսօր այդ խնդրի լուծումը տվյալ ժամկետում այլեւս անհնար է»։

«Հայք» թերթի հարցազրույցում ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը քաղաքական դաշտում երրորդ բեւեռ ձեւավորելու փորձերին անդրադառնալով, նկատել է. - «Սովորաբար բեւեռները երկուսն են լինում, երրորդ բեւեռ չի կարող լինել։ Հասարակությունը հստակ պատկերացնում է ուժերի իրական դասավորությունը եւ գիտի, որ երրորդ ուժի գաղափարն արհեստական է», - պնդել է Հովակիմյանն ու ավելացրել. - «Ձեւավորվող երրորդ ուժը իշխանությունների վախի ցուցիչն է, երբ փորձում են ուրիշներին գործիք դարձնելով, ուրիշների միջոցով հարվածել Լեւոն Տեր-Պետրոսյանին»։

«Եռաբեւեռ» ընտրությունների հնարավոր սցենարները ուրվագծելով, «Իսկական իրավունքը» թերթի խմբագրականը ենթադրել է. - «Հանրապետականների համար լավագույն տարբերակը, անշուշտ, նախագահական ընտրություններում մեկ փուլով հաղթելն է։ Այդ թվում ՀՀԿ-ն ամբողջացնում է իր իշխանությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանին այլ բան չի մնում, քան իրոք դառնալ «ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն», Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էլ մեկընդմիշտ ավարտվում է քաղաքական կարիերան եւ կրկին գալիս են գիրք գրելու ժամանակները։ Իսկ երկրորդ փուլի դեպքում ՀՀԿ-ին անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ փուլ դուրս չգան ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ո’չ էլ ՀՅԴ-ի թեկնածուն», - հավելել է խմբագիրը։

Մի շարք կուսակցություններում այսօր ստեղծված իրավիճակը «Հայոց Աշխարհ»-ին ստիպել է հիշել «աշխարհի պես հավերժական «հայրերի եւ որդիների» խնդիրը». - «ՀՀՇ-ն ջանադրաբար փորձում է հայրական օջախի շուրջ հավաքել քաղաքական դաշտով մեկ ցրված իր երեխաներին»: «Ոմանք մեղավոր ժպիտով վերադառնում են տուն, մյուսները` ձեւացնում, թե չեն ճանաչում ծնողին», - գրել է թերթը` ուշագրավ համարելով, որ «հայրերն ու որդիները նախընտրում են շփվել միմյանց հետ, առաջարկություններ անել, սպառնալ, պատասխանել մեկմեկու, հարաբերություններ պարզել բացառապես թերթերի էջերում»։

«Չորրորդ իշխանություն» թերթի հաշվարկով` «որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, առնվազն վեց հարյուր հազար ձայն է պետք»: «Որեւէ ողջամիտ մարդ, բնականաբար, առանց ընտրակաշառքի ձայն չի տա նրան: Հաշվի առնելով առաջիկա ընտրությունների կարեւորությունը, համատարած թանկացումները եւ դոլարի արժեզրկումը, կարելի է ենթադրել, որ այս անգամ ընտրակաշառքի «միջինացված գինը» կհասնի 10 հազար դրամի: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանին անհրաժեշտ կլինի մոտ 18 միլիոն դոլար», - գնահատել է թերթն ու հասցեագրել. - «Ակնհայտորեն, «կեղծ ընդդիմադիրների» մարտավարությունն ավելի էժան կնստի: Կարելի է այդ ուժերի լիդերներից յուրաքանչյուրին մի քանի հարյուր հազար դոլար տալ եւ հարցը փակված համարել», - եզրակացրել է թերթը:

«Առավոտ»-ի խմբագրականը, ընդդիմության չմիավորվելու պատճառներին անդրադառնալով, գնահատել է. - «Նախընտրական շրջանում իրար հետ մրցակցում են բոլոր թեկնածուները, ու բացառված է, որ նրանց քննադատությունը սահմանափակվի միայն իշխանության թեկնածուով»։ «Դա օբյեկտիվ գործընթաց է եւ կախված չէ որեւէ թեկնածուի բացահայտ կամ գաղտնի մտադրություններից», - դիտարկել է գլխավոր խմբագիրն ու մասնավորեցրել. - «Մի կողմ թողնենք Արտաշես Գեղամյանի դեպքը, երբ իշխանությունը, ակնհայտորեն հատուկ է առաջ քաշել այդ թեկնածուին՝ միմիայն Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմակիցներին «քլնգելու» համար»։ «Ցանկացած այլ առաջադրված թեկնածու նույնն է անելու, քանի որ գոյություն ունի պայքար ընտրողների ձայների համար, իսկ ավելի հարմար թիրախ, քան առաջին նախագահն է, դժվար է գտնել։ Համ էլ՝ Տեր-Պետրոսյանի վրա հարձակվելը միանգամայն անվտանգ զբաղմունք է եւ, հակառակը՝ չափազանց իշխանահաճո»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG