Մատչելիության հղումներ

12 միլիոն ժառանգություն ստացած շանը սպառնում են


Նյու 3որքի հայտնի երկնաքերի՝ «Էմփայր Սթեյթ Բիլդինգ»-ի հանգուցյալ սեփականատեր Լեոնա Հելմսլին մահանալուց առաջ արտառոց որոշում է կայացրել. նա իր ոչ ազնվացեղ շանը՝ Թրաբլին (անգլերեն “trouble” նշանակում է «անհանգստություն», «անախորժություն») կտակել է 12 միլիոն դոլար: Հելմսլիների ընտանիքի բարեկամ Ջոն Քոուդին օրերս ոստիկաններին փոխանցել է, որ առանձնատան փոստարկղում պարբերաբար հայտնվում են նամակներ ... շանը հասցեագրված սպառնալիքներով:

Լեոնա Հելմսլին մահացել է 87 տարեկանում` այս տարվա օգոստոսի 20-ին: Նա իր եղբորը՝ 80-ամյա Էլվին Ռոզենթալին կտակել է մի փոքր պակաս գումար՝ 10 միլիոն դոլար, եւ նրա կառավարմանն է հանձնել Թրաբլին «պատկանող» միջոցների տնօրինումը, ինչպես նաեւ շանը խնամելու առաքելությունը:

Ավելին, էքսցենտրիկ կնոջ վերջին ցանկությունն այն էր, որ երբ Թրաբլը սատկի, շանը թաղեն իր հետ՝ Հելմսլիների ընտանեկան դամբարանում, սակայն գերեզմանատան ղեկավարներն ասել են, որ «կատեգորիկ դեմ են դրան, քանի որ իրենց էլիտար գերեզմանատանը կենդանիների թաղումը բացառվում է»:

Լեոնա Հելմսլին իր չորս թոռներից երկուսին կտակել է 5-ական միլիոն դոլար` պայմանով, որ նրանք պարտավորվում են «տարեկան առնվազն երկու անգամ այցելել հանգուցյալ տատիկի շիրիմին»:

Երկու մյուս թոռներին Լեոնան ոչինչ չի կտակել` նշելով, որ «նրանք շատ լավ գիտեն, թե ինչի համար»:

Ժամանակին Լեոնա Հելմսլին իր ամուսնու՝ Հարի Հելմսլիի հետ (նա 1997 թվականին է մահացել) հիմնադրել է Նյու 3որքի անշարժ գույքի շուկայում գործող ամենախոշոր ընկերություններից մեկը եւ ստեղծել հյուրանոցների ցանց ամերիկյան տարբեր նահանգներում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ոստիկաններն այս շաբաթասկզբին Ջոն Քոուդիին հավաստիացրել են, որ պատշաճ հսկողության տակ կառնեն առանձնատունը եւ կապահովեն Թրաբլի անվտանգությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG