Մատչելիության հղումներ

Կոսովոյի կարգավիճակի շուրջ հերթական բանակցություններն արդյունք չտվեցին


Սերբական ու ալբանական կողմերն ի վիճակի չեն ընդհանուր հայտարարի գալ Կոսովոյի կարգավիճակի շուրջ: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի հարցով Եվրամիության բանագնաց Վոլֆգանգ Իշինգերը երեկ ավստրիական Բադենում կայացած անարդյունք բանակցությունների ավարտին:

Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն, իր հերթին, բանակցություններից հետո հայտարարել է, թե անկախության հռչակումը զուտ ժամանակի խնդիր է. - «Կոսովոյի անկախությունը կարող է շատ շուտով հռչակվել: Մենք ասել ենք եւ այսօր էլ կարող ենք կրկնել, որ Կոսովոյի ինքնորոշման սկիզբն ու վերջը միմիայն անկախությունն է»:

Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան երկկողմ բանակցությունների հերթական տապալումից հետո պահանջել է հարցը վերջնականապես տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Սերբական պետության ղեկավար Բորիս Թաջիչն էլ հայտարարել է, թե պաշտոնական Բելգրադը կարող է կանխել անկախության հռչակմանն ուղղված ցանկացած որոշման ընդունում. - «Մենք պետք է արձագանքենք այս ամենին: Շատ լուրջ կացություն է ստեղծվել, եւ մենք պատրատվում ենք չեղյալ հայտարարել Կոսովոյի ժամանակավոր վարչակազմի ցանկացած որոշում, որը կարող է հանգեցնել մարզի անկախացմանը»:

Դեկտեմբերի 10-ը այն վերջնաժամկետն է, որը ՄԱԿ-ը տրամադրել է սերբերին ու ալբանացիներին` համաձայնության գալու համար: Խնդրով զբաղվող բանագնացները մտավախություն ունեն, որ դեկտեմբերի 10-ից հետո իրավիճակը Կոսովոյում կարող է անվերահսկելի դառնալ: Այդ իսկ պատճառով, ռուսաստանցի միջնորդ Ալեքսանդր Բոցան Խարչենկոն կոչ է արել կողմերին բացառել հնարավոր բռնարարքներն ու մնացած 11 օրը օգտագործել փոխզիջումային լուծում գտնելու համար:

«Ռուսաստանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Կոսովոյի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխզիջման հիման վրա», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:

Եվրամիությունը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ներկայացնող բանագնացների եռյակը Բալկաններ կժամանի արդեն եկող շաբաթվա սկզբին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG