Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Երեւանի Սիլիկյան թաղամասում` «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերության առեւտրի սրահի դիմաց երեկ հնչած կրակոցներին, տեղեկացնում է. -«Կրակոցները ուղղված են եղել ընկերության սեփականատեր Կառլեն Մարտիրոսյանի ուղղությամբ: Վերջինս վիրավորվել է, վիրավորվել է նաեւ նրա որդին, ով փորձել է հորը օգնության հասնել: Որոշ տեղեկությունների համաձայն, կրակողները Մարտիրոսյանների հաճախորդներից են եղել, որոնց հետ վիճաբանություն է բռնկվել, ինչն էլ նման ավարտ է ունեցել»: Թերթի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ, կրակողների ինքնությունը հայտնի է:

«Հայոց Աշխարհ» թերթը, առաջիկա նախագահական ընտրություններում «երրորդ բեւեռի» հավակնություն ունեցող գործիչներին անդրադառնալով, շեշտադրել է. - «Իրականությունն այն է, որ գործ ունենք ոչ թե երրորդ բեւեռի, այլ ընտրապայքարի վերջնական արդյունքների ապագա աղյուսակում երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ մյուս տեղերի հավակնորդների երկար շարքի հետ»։ «Մնում է պարզել այն հարցը, թե ո՞ւմ է ձեռնտու մեծաթիվ ու գույնզգույն «երրորդ բեւեռների» առկայությունը՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմության առաջնորդին», - հարցրել է թերթն ու եզրակացրել. - «Ի վերջո, որքան էլ նրանք ցանկանան հավասար հեռավորություն պահպանել հիմնական մրցակիցներից, այն փաստը, որ այս ուժերը պայքարելու են ընդդիմության առաջնորդի դափնիները Տեր-Պետրոսյանից ու նրա թիմից խլելու համար, միանգամայն ձեռնտու է իշխանության թեկնածուին»։

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը, պնդելով, թե վարչապետ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում նշանակել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, դիտարկել է. - «Մինչ այդ պետք է գոնե հստակեցում մտցնել այն հարցում, թե, ի վերջո, ո՞վ է կազմակերպել 2000 թվականի մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը։ Եթե Լեռնային Ղարաբաղի դատարանի վճիռն արդարացի է, եւ դա իրոք կազմակերպել էր Բաբայանը, ապա քիչ անհասկանալի է, թե ինչպես կարող է նման տեռորիստական գործունեության կազմակերպիչը ղեկավարել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբը»։ «Եթե Սամվել Բաբայանը որեւէ կապ չունի այդ մահափորձի հետ եւ ընդամենը քաղաքական պատվերի զոհ է, ապա այդ դեպքում եւս անհասկանալի է, թե ինչպես կարող է մի մարդ, որն անզոր է պաշտպանել ինքն իրեն՝ հավակնել պաշտպանելու ուրիշներին», - եզրափակել է խմբագիրը։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, իր հերթին, առանձնացրել է. - «Պարզվում է, որ Սամվել Բաբայանը շատ լուրջ բիզնեսներ ունի Հայաստանում եւ նաեւ չափազանց լուրջ ծրագրեր ունի, որոնց իրագործումը պարզապես անհնար է, եթե Սերժ Սարգսյանը չլինի Հայաստանի նախագահը։ Մի քանի տարի շարունակ Հայաստան մտնող դիզվառելիքի մոտ կեսը ներկրում էր հենց Սամվել Բաբայանը»։ Ըստ մեկնաբանի, «վերջերս նա «հանձնել է» այդ բիզնեսը նավթամթերքներ ներկրող մի ճանաչված ընկերության, եւ բավարարվում է ներկրված յուրաքանչյուր տոննայից 20 դոլար ստանալով»։ «Բայց այդ բիզնեսը հանձնելու դիմաց նա ստացել է մեկ այլ բիզնես՝ տախտակի ներկրումը», - գրել է թերթն ու բխեցրել. - «Սամվել Բաբայանի վերջին թունդ ճառերը մեծ ազդեցություն են գործել Հայաստանի գործարար շրջանակների վրա։ Վերջիններս քաջատեղյակ են Բաբայանի հավակնություններին, եւ շատերը արդեն մտավախություններ ունեն, որ Բաբայանը կընտրի հենց իրենց բիզնեսը»։

«168 ժամ» թերթի աղբյուրների հավաստմամբ` «արտերկրից, մասնավորապես Թուրքիայից վերջերս մեծ քանակությամբ տարադրամ է բերվել Հայաստան, ինչն էլ վերջին օրերին արտարժույթի շուկայում ապակայունացման պատճառ է դարձել»: «Կենտրոնական բանկը եւ Ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը հսկողության տակ պահելու համար», - գրել է թերթը՝ հավելելով. - «Նույն աղբյուրները հավաստիացնում են նաեւ, որ բացի արտարժույթից` շրջանառության մեջ են դրվել նաեւ մեծ քանակությամբ կեղծ 20 դոլարանոցներ»: Թերթի աղբյուրը պնդել է, թե այդ գումարը երկիր է մուտք գործել «քաղաքական նպատակների համար»:

Նախընտրական շրջանում մտավորականության ակնկալիքներին անդրադառնալով, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը նկատել է. - «Հայաստանում, երբ որեւէ դերասան կամ գրող ընտրություններից առաջ իր համակրանքն է արտահայտում այս կամ ընդդիմադիր եւ, առավել եւս, իշխանամետ թեկնածուի հանդեպ, մենք սկսում ենք գուշակել, թե ինչ անձնական ակնկալիքներ ունի տվյալ մտավորականը տվյալ քաղաքական գործչից. փող է վերցրել, պաշտոն է ստանալու, ուզում է գիրքը տպագրվի, ֆիլմը արտադրվի եւ այլն»։ «Նման պայմաններում այն մտավորականը, որը սեր կբացատրի որեւէ կուսակցության, անպայման կասկածի տակ է ընկնելու», - շեշտել է խմբագիրն ու մասնավորեցրել. - «Վերջերս հրաշալի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու նույնքան հրաշալի ռեժիսոր Արա Երնջակյանն անդամակցեցին Հանրապետական կուսակցությանը։ Թե ինչով է դա օգնելու իրենց ստեղծագործությանը՝ դժվարանում եմ ասել։ Բայց որ նման քայլը բացասաբար է անդրադառնալու այդ արվեստագետների իմիջի վրա՝ հաստատ է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG