Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը ակնկալում է միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր, ազատազրման դատապարտված Արման Բաբաջանյանը երեկ հայտարարություն է տարածել` իրեն վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հարցում ակնկալելով միազգային եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը:

«Հայաստանում սկսված քաղաքական թեժ իրադարձությունների նախընտրական ներկա շրջափուլում առավել օրհասական եւ առաջնային են դառնում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ ազատ խոսքի պաշտպանության հիմնահարցերը», - ասված է հայտարարությունում: - «2006 թվականի հունիսից իմ դեմ սկսված անօրինական քրեական հետապնդումն ու դատավճիռները` ուղղորդված երկրի բարձրագույն իշխանական վերնախավից, ոչ այլ ինչ էին, քան քաղաքական հետապնդում: Ապօրինությունների շղթան գնալով անհույս ու անհեռանկարային դարձրեց Հայաստանում արդարության հասնելու գործընկերներիս, տեղացի եւ արտասահմանցի փաստաբան-պաշտպաններիս եւ իմ բոլոր ջանքերը»:

Այնուհետեւ Բաբաջանյանը հիշեցնում է, որ այս տարվա հուլիս ամսին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովը մերժեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` իրեն վաղաժամկետ պայմանական ազատելու վերաբերյալ արված միջնորդությունը:

«Դեկտեմբեր ամսին, ինձ վաղաժամկետ պայմանական ազատելու հերթական հնարավորություն է ընձեռված եւ ակնկալում եմ, որ Հայաստանի միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները շահագրգիռ հետաքրքրություն հանդես կբերեն Հայաստանի նախագահական նստավայրից ապօրինի հրահանգներով առաջնորդվող պետական պաշտոնյաների գործողություններին: Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ մեկնարկած նախընտրական գործնթացները ավելի կոշտացրել է նախագահականի դիրքորոշումը իմ խնդրի առնչությամբ, որի իրականացման համար առաջիկայում գործի են դրվելու ապօրինի, մինչ օրս չօգտագործված քայլեր եւ միջոցներ: Անազատության մեկուկես տարիներին, ինձ արված ոչ մի գործարքի եւ պայմանավորվածության չեմ մասնակցել, որովհետեւ հավատացել եմ, որ նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների անդուլ աշխատանքի շնորհիվ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե ֆիկցիա է, այլ վեհ առաքելություն է եւ հավատամք», - ասված է հայտարարությունում: - «Ուզում եմ հավատալ, որ տեղական եւ արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ զանգվածային լրատավամիջոցների համերաշխ ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա երկրում արմատախիլ անել քաղաքական հետապնդումները եւ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները: Հույս ունեմ, որ նաեւ այստեղ ներկա իրավապաշտպանների հետեւողական եւ համառ աշխատանքի շնորհիվ օրենքով նախատեսված կարգով իմ ազատությունը իրականություն կդառնա եւ նաեւ ձեր օգնությամբ կվերադառնամ իմ ստեղծագործական աշխատանքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG