Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ից որոշ պատգամավորներ միացել են «Ժառանգության» նախաձեռնությանը


Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության երեք անդամներ արդեն միացել են «Ժառանգության» նախաձեռնությանը` միջնորդելու, որպեսզի «ՍԻԼ գրուպ»-ի մեջ մտնող «Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ Խաչատուր Սուքիասյանի ազգական, տպարանի սեփականատեր Մարտին Սուքիասյանի խափանման միջոցը փոխվի: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյանը:

Երեկ աշխատանքային օրվա ավարտին թերթիկի վրա այլ ստորագրություններ չէին ավելացել` բացի «Ժառանգության» պատգամավորների ստորագրություններից:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսպես պարզաբանեց իրենց նախաձեռնությունը. - «Երբ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ակնհայտորեն իր քաղաքական դիրքորոշումը հայտնեց, դրա հետեւանքով տեղի ունեցան այլ անձանց կալանավորումներ, որոնց թվին են պատկանում «Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի տնօրեն Գեւորգ Սաֆարյանը եւ Խաչատուր Սուքիասյանի ազգական Մարտին Սուքիասյանը: Երկուսն էլ մեղադրվում են տնտեսական հանցագործությունների մեջ, հանցագործություններ, որոնք կապված չեն բռնության հետ: Եվ այս պահին «Ժառանգություն» խմբակցությունը` ճանաչելով այդ անձանց, որոշեց կազմել երաշխավորագիր եւ հղել դատարանին ու պարտավորություն վերցնել իր վրա, որ երաշխավորում է այս անձանց` վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը, դատավարական այլ պարտականությունների իրականացումը»:

Զարուհի Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական հայացքների համար հետապնդումների շղթան, որը, ըստ նրա, Հայաստանում սկսվել է 2006 թվականից, «շարունակվելու է, եւ եթե մենք չկարողանանք 2008 թվականին ունենալ ժողովրդավարական պետություններին հարիր ընտրություններ, այս շղթան շատ երկար է լինելու»:

Նա հայտնեց նաեւ, որ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով նախօրեին մամուլում աջակցություն էր հայտնել Խաչատուր Սուքիասյանին, կտրականապես հրաժարվել է ստորագրել երաշխավորագրի տակ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG