Մատչելիության հղումներ

Ո՞րն է լինելու թիվ մեկ գերտերությունը 2020-ին


Եվրոպական 5 պետությունների եւ ԱՄՆ-ի մոտ 7 հազար բնակիչների շրջանում «Ֆայնենշլ Թայմս» պարբերականի եւ Նյու Յորքում գործող «Հարիս Ինտերակտիվ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցները 2020 թվականին աշխարհի թիվ մեկ գերտերության դերում տեսնում են կամ Միացյալ Նահանգներին, կամ էլ Չինաստանին:

Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում հարցվածների մեծ մասը համոզված է, որ 2020-ին Միացյալ Նահանգները առաջատար դիրքը զիջելու է Չինաստանին:

ԱՄՆ-ի հեռանկարներն ավելի դրական են գնահատում իրենք` ամերիկացիները եւ Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի բնակիչները:

Ամերիկյան գերակայության հարցում ամենահոռետեսը Ֆրանսիայի բնակիչներն են: Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 45 տոկոսը պնդում է, որ 2020 թվականին համաշխարհային առաջատարը Չինաստանն է լինելու, եւ միայն 19 տոկոսն է այս դերում տեսնում Միացյալ Նահանգներին:

Բոլոր 6 պետությունների բնակիչներն էլ Չինաստանը դիտարկում են առավելապես որպես Արեւմուտքի մրցակից, այլ ոչ թե գործընկեր: Եվրոպացիների եւ ամերիկացիների միայն 25 տոկոսն է կարծում, թե Չինաստանը Արեւմուտքի գործընկեր երկիր է:

Եվրոպացիները հիմնականում հակված են Ռուսաստանը դիտարկել իբրեւ գործընկեր պետություն. Իտալիայում այդ տեսակետին է հարցվածների 61, Գերմանիայում` 55, Իսպանիայում` 52 տոկոսը:

Ռուսաստանը որպես մրցակից ընկալողներն ավելի շատ են Միացյալ Նահանգներում ու Մեծ Բրիտանիայում` համապատասխանաբար 43 եւ 34 տոկոս:

Հարցվածների մոտ 70 տոկոսը համոզված է, որ մարդու իրավունքների` Ռուսաստանում եւ Չինաստանում արձանագրվող ցանկացած խախտում չպետք է վրիպի Արեւմուտքի ուշադրությունից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG