Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց 2008-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2008 թվականի պետական բյուջեի լրամշակված, վերջնական տարբերակը, որը Ազգային ժողովի վերջնական քննարկմանն ու քվեարկությանը կներկայացվի նոյեմբերի 27-ին:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքերով` փոփոխությունները էական չեն. - «Պակասեցվել է եկամուտները 727 միլիոնի չափով եւ համապատասխանաբար պակասեցվել են նաեւ ծախսերը: Այս պակասեցումը հիմնականում պայմանավորված է արտարժույթի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի` նոյեմբերի 1-ի դրությամբ առաջացած կուրսով»:

Օրենսդրության համաձայն, երբ կառավարությունը բյուջեն ներկայացնում է Ազգային ժողով, այն հաշվարկում է տվյալ ամսվա առաջին օրվա փոխարժեքով. իրավիճակը փոխվել է` փոխվել են մոտեցումները:

«Վերահաշվարկվել են բոլոր այն եկամտային հոդվածները, որը մենք արտարժույթով էինք ստանում, խոսքը հատկապես վերաբերվում է դրամաշնորհներին», - պարզաբանեց փոխնախարարը` շարունակելով. - «Հաշվարկվել է, թե ինչքան է կորուստները լինելու: Նշեմ, որ, եթե սեպտեմբերի 1-ի դրությամբ Միացյալ Նահանգների դոլարի փոխարժեքը 336 դրամ էր, նոյեմբերի 1-ի դրությամբ` 325 դրամ է»:

Պավել Սաֆարյանը ասաց նաեւ, որ նախագծի այս տարբերակում ընդգրկված են նաեւ Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունները. - «Շուրջ 3 միլիարդ 747 միլիոն դրամի չափով առաջարկություններ են ընդունվել պատգամավորների եւ Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններից»:

Այսպիսով, բյուջեի նախագծի վերջնական տարբերակում առաջարկվում է 2008 թվականի պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով 744 միլիարդ, ծախսերի գծով` 820 միլիարդ դրամ: Դեֆիցիտը` 76 միլիարդ դրամ:

Արտարժույթի փոխանակման կետերում, մինչդեռ, այսօր ԱՄՆ-ի մեկ դոլարը առաջարկում են վաճառել 300 դրամով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG