Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահական ընտրություններին ընդառաջ «Հայոց Աշխարհ» թերթը զուգահեռել է. - «Ընտրությունը, որը սպասում է մեզանից յուրաքանչյուրին, պարզապես իշխանությանն աջակցելու եւ հհշականների հետեւից չգնալու կամ ընդհակառակը՝ փողոց դուրս գալու եւ Տեր-Պետրոսյանին աջակցելու երկընտրանքի մեջ չէ։ Հարցն այն է, թե հասարակության մեծամասնությունը ինչպե՞ս է պատկերացնում իր երկրի հետագա զարգացման մոդելը եւ ըստ այդմ, ո՞րն է ընտրում՝ քաղաքակիրթ տարբերակը, երբ իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, իսկ ծագած հարցերը վճռահատվում են ընտրությունների ժամանակ, թե՞, օրինակ, Հայիթիի նման երկրներում պարբերաբար կիրառվող փողոցային իշխանափոխության մոդելը՝ իր զանազան տարատեսակներով»։ «Գեթ մեկ անգամ նման գործելակերպի հաղթանակը ցանկացած երկրում անխուսափելի է դարձնում այն ավանդույթի վերածվելու հեռանկարը եւ, մտնելով ազգային հոգեկերտվածքի մեջ, տվյալ պետության առջեւ բացում է «հայիթիացման» հեռանկարը», - ամփոփում է մեկնաբանը:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը «Կուվալդի հոգեբանություն» վերնագրի ներքո գրում է. - «Իրականությունն այն է, որ ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը ազատ մամուլ պետք չէ: Նրանց պետք է «քարոզչական կուվալդ», որով հնարավոր կլինի խփել ընդդիմախոսների գլխին, ինչպես նաեւ արմավենու ճյուղ, որի հաճելի թափահարումներով կհովանա մեր քաղաքական գործիչների սիրտը»: «Քանի որ իշխանությունների ձեռքի տակ կա 17 հեռուստաընկերություն եւ մի քանի թերթ, ապա նրանց «կուվալդը» չափազանց մեծ է ու ծանր, իսկ արմավենու ճյուղերը վեր են ածվել մի ամբողջ անտառի, որն առավոտից գիշեր փառաբանում է հայրենի իշխանության տնտեսական նվաճումները, ինչպես նաեւ ներքին ու արտաքին հանճարեղ քաղաքականությունը», - ընդգծում է թերթի խմբագիրը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 8-ին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: «Հանդիպումը կայացել է Սարգսյանի խնամի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի տանը», - տեղեկացնում է թերթը` նկատելով. - «Այն, որ երկու քաղաքական ուժերի ղեկավարները հանդիպել են, բնական պրոցես է: Տարօրինակ է, սակայն, որ այդ հանդիպումը կայացել է գաղտնի պայմաններում»: «Հայկական ժամանակ»-ը երեկ «Ազգային միաբանության» առաջնորդից հետաքրքրվել է, թե ի՞նչ են քննարկել ինքն ու վարչապետը հանդիպման ժամանակ, ինչին Գեղամյանը հակադարձել է. - «Դուք արդեն այդքան համոզված եք, որ նման հանդիպում է եղել, որ հիմա հարցնում եք, թե ի՞նչ է քննարկվել»: Որեւէ այլ մեկնաբանություն Արտաշես Գեղամյանը հրաժարվել է անել:

«168 ժամ» թերթի տեղեկություններով, Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության ղեկավար կազմում, որի պետը Աշոտ Գիզիրյանն է, սպասվում են կադրային փոփոխություններ: «Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե 6-րդ վարչությունում նման փոփոխությունները ինչով են պայմանավորված», - գրում է թերթը` հիշեցնելով, որ «տնտեսվարող մի շարք սուբյեկտներում կատարվող հարկային ստուգումների գործընթացում ակտիվ ներգրավված է նաեւ 6-րդ վարչությունը»:

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով`«մոտ մեկ շաբաթ առաջ զինդատախազի տեղակալ Ալբերտ Ղազարյանի՝ Կոմիտասում գտնվող տունն են կտրել»։ Ըստ թերթի աղբյուրների, Ղազարյանը «իր հայտարարության մեջ գրավոր նշել է, որ գողերը տարել են 80 հազար դոլար»։ «Այ, եթե գողությունը կատարված լիներ ընդդիմության որեւէ ներկայացուցչի տնից եւ հայտնաբերված լիներ այդքան գումար, ապա դատախազությունը չէր զլանա անմիջապես փողերի լվացման, յուրացման կամ որեւէ այլ հոդված դնել։ Իսկ եթե խոսքը դատախազի մասին է, ապա ամեն ինչ նորմալ է՝ հազար ու մի գործ են քննում դատախազությունում... բա մարդը 80 հազար դոլար էլ չունենա՞ր», - հեգնել-ամփոփել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG