Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման հարցում


Միացյալ Նահանգների կառավարությունը 2 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` ատոմային նոր բլոկի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորման համար: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, ով Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ ստորագրեց շրջակա միջավայրի վրա նոր ատոմակայանի հնարավոր ներգործության նախնական գնահատման եւ իրագործելիության ուսումնասիրության մասին ծրագրի մշակման բնագավառում հայ-ամերիկյան համաձայնագիրը:

«Հայաստանը էներգետիկ ոլորտում նոր ռազմավարություն է ընդունել, որով նախատեսվում է մինչեւ 2016 թվականը կառուցել նոր ատոմակայան: Սա չափազանց բարդ եւ հավակնոտ գործ է: Միացյալ Նահանգները աջակցում է նոր ատոմակայանի կառուցմանը աշխատանքներին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարելավելու համար, այլեւ գործող ատոմակայանի անվտանգության հարցում առկա մտահոգությունների պատճառով: Մենք ակնկալում ենք, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ կփոխարինվի ավելի ժամանակակից ու ապահով ատոմակայանով», - հայտարարեց Ջոզեֆ Փենինգթոնը` հավելելով, թե առայժմ վաղ է խոսել նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման մասին:

Ըստ նրա, քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգները ուղիղ ֆինանսավորում ցուցաբերի, սակայն կարող է աջակցել «ֆինանսական աղբյուրների հայթայթման գործում»:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, թե Մեծամորի ԱԷԿ-ի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման վրա Միացյալ Նահանգները վերջին տարիներին Հայաստանին ցուցաբերել է 40-50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն:

Անդրադառնալով ատոմային էներգետիկայի ոլորոտում ռազնավարությանը եւ նոր էներգաբլոկի կառուցման վայրին, նախարարը նշեց. - «Ատոմային էներգիայի զարգացման ծրագիրը երկու ուղղություն է ներառում. մեկը` գործող բլոկը տանել կանգնեցման, եւ զուգահեռ դրան` նոր բլոկի կառուցումը: Բոլոր ուսումնասիրությունները կատարվում են այն կտրվածքով, որպեսզի նոր ատոմային բլոկը կառուցվի նույն հրապարակում»:

Հարցին, թե որքան գումար կպահանջվի գործող բլոկի կանգնեցման համար, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. - «Սրանից մի քանի տարի առաջ, նախնական գնահատումներով, դա կազմում էր մի քանի հարյուր միլիոն դոլար` շուրջ 280 միլիոն դոլար... Երբ կգա ժամանակը, գնային մասով եւս մեկ անգամ վերագնահատում կկատարենք, եւ արդեն պարզ կլինի, թե ինչ գումարների մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման ժամկետներին, ապա էներգետիկայի նախարարը չբացառեց, որ հնարավոր է դրա հանձնումը նույնիսկ նախատեսված ժամկետից` 2016 թվականից շուտ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG