Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կանցկացնի «մինի ընտրություններ»


Հայ հեղափոխական դաշնակցությունը նոյեմբերի 24-ից 5 օրվա ընթացքում կանցկացնի յուրօրինակ ընտրություններ` պարզելու, թե Դաշնակցության երկու գործիչներից որի՞ն են մարդիկ գերադասում տեսնել որպես նախագահի թեկնածու` Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի՞ն, թե՞ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: Այս «մինի ընտրության» արդյունքը, սակայն, չի ազդելու Դաշնակցության պաշտոնական որոշման վրա:

ՀՅԴ գերագույն մարմնի մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «գրեթե ամեն ինչ լինելու է համապետական ընտրությունների նման` լինելու են քվեաթերթիկներ, քվեատուփեր»: Այս քվեարկությունը, սակայն, անցկացվելու է փողոցում տեղադրված վրաններում:

«Եղանակից ելնելով ենք մենք վրանները առաջարկում», - պարզաբանեց Սեյրանյանը: - «Երեւանում ամեն համայնքում կլինի մեկը [վրան], եւ կենտրոնում` մի քանիսը, նաեւ` բոլոր մարզերում: Կլինեն նաեւ շրջիկ քվեատուփեր, երբ մի քանի հոգի քվեաթերթիկներով կմտնեն ուղղակի շենքեր, բակեր եւ մարդկանց կառաջարկեն հենց տեղում քվեարկել»:

«Բնականաբար, այդ բոլոր տվյալները օրվա վերջում կգան կհավաքվեն Գերագույն մարմնում, մենք կամփոփենք այդ տվյալները եւ հասարակությանը տեղյակ կպահենք», - եզրափակեց նա:

Այդուհանդերձ, անցկացվելիք «մինի ընտրության» արդյունքները չեն ազդելու Դաշնակցության արտահերթ գերագույն ժողովի որոշման վրա, որը կայանալու է նոյեմբերի 30-ին: Գերագույն ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ որպես նախագահի թեկնածու կառաջադրի կա’մ Վահան Հովհաննիսյանին, կա’մ Արմեն Ռուստամյանին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG