Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նախագահին կոչ է անում վերանայել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիության հարցը


«Ժառանգություն» կուսակցությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանին կոչ է անում անմիջապես բավարարել կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին «Հանրապետության հռչակումից բխող քաղաքացիություն շնորհելու հանրային պահանջը»:

«Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Միաժամանակ նա նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն է, ով իր պաշտոնավարման ժամանակ ու դրանից հետո ծառայել է մեր երկրին` սիրով, պարկեշտությամբ եւ հավատարմությամբ», - ասված է կուսակցության վարչության այսօրվա հայտարարությունում: - «Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական տեւական մղումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով վերջապես իրականություն դարձավ, սակայն ոչ թե 1991 թվականից, այլ` 2001-ից»:

Այդ տարիների ընթացքում, ինչպես պնդում է «Ժառանգություն»-ը` վկայակոչելով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներն ու հարցումների տվյալները, «Հովհաննիսյանը եղել եւ մնում է առավել բարձր հասարակական համարում ունեցող գործիչներից մեկը»:

Նշելով, որ ներկայումս Հայաստանը կանգնած է նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ «ընտրողներին ազատ կամքի արտահայտման լիարժեք հնարավորություն ընձեռելու համար մեծ պատասխանատվություն է դրված իշխանության բարձրագույն կրողի վրա», կուսակցության վարչությունը ընդգծում է. - «Այսօր ՀՀ նախագահն օժտված է արդարությունը վերականգնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում բախտորոշ նշանակության առաջիկա ընտրապայքարում համահավասար մրցակցային իրավիճակ ստեղծելու լիազորությամբ»:

Հայաստանի նախագահ առաջադրվելու համար Սահմանադրության պահանջներից է վերջին տասը տարվա ՀՀ քաղաքացիությունը եւ վերջին տասը տարում երկրում մշտական բնակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG