Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Փարիզում հանդիպել է համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շաբաթ օրը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների` նոյեմբերի 29-30-ը Մադրիդում կայանալիք հանդիպման ընթացքում բանակցությունների շարունակման հնարավորությունները:

Անդրադառնալով Հայաստանում եւ Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված` բանակցությունների ընթացքի դժվարացման վերաբերյալ համանախագահների վերջին հայտարարությանը, Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ «գործընթացում դանդաղեցում չի նախատեսվում, եւ հանդիպումները, այս փուլում` համանախագահների հետ, առաջիկայում չի բացառվում` երկու երկրների արտգործնախարարների միջեւ, շարունակվելու են»:

Նա «փոքր-ինչ վաղ» համարեց Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին խոսելը` ասելով, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համանախագահների խորհրդակցություններից հետո «պատկերը ավելի պարզ կլինի առաջիկա հանդիպման նպատակահարմարության վերաբերյալ»:

«Այսօր սկսվում է Իլհամ Ալիեւի այցը [Փարիզ], եւ հաստատ լինելու է Մամեդյարովի հանդիպում համանախագահների հետ: Դրանից է կախված` կհամարվի՞ անհրաժեշտ կազմակերպել հանդիպում, թե՞ ոչ», - ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Երեկ Վարդան Օսկանյանը Փարիզից մեկնել է Լոս Անջելես` մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG