Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացը դժվարացել է»


«Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը դժվարացել է` պայմանավորված Հայաստանի եւ Ադրբեջանի առաջիկա ընտրություններով», - հայտարարում է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը:

ԵԱՀԿ-ի կայքէջում տեղադրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին կազմակերպության գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը Մադրիդում հանդիպել է Ղարաբաղի խնդրի կարգավորման միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների հետ:

Համանախագահնները ԵԱՀԿ-ի գործող նախագահին ներկայացրել են խաղաղ գործընթացի վերջին զարգացումները, որոնք «ավելի են դժվարացել` կապված 2008 թվականի Հայաստանի ու Ադրբեջանի ընտրությունների հետ»:

Նրանք համամիտ են, որ ելնելով այս հանգամանքներից` «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները չպետք է դիմեն այնպիսի մեթոդների, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը եւ վտանգել մինչեւ հիմա ձեռք բերված առաջընթացը»:

Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ-ի նախագահողին պարբերաբար ներկայացնում են իրենց գործունեությունը: Այս տարի նրանք արդեն երրորդ անգամ են Մադրիդում հանդիպում Միգել Անխել Մորատինոսի հետ:

Հաղորդագրությունը հիշեցնում է, որ Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար 1992 թվականին Բելառուսի մայրաքաղաքում կայացած համաժողովում ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը: 1995 թվականից Մինսկի խմբի համանախագահները` Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ են վարում հակամարտությունը լուծելու եւ Lեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG