Մատչելիության հղումներ

Լոնդոնում ավարտվում է Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի հանձնաժողովի երրորդ նիստը


Այսօր Լոնդոնում ավարտվում է Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի հանձնաժողովի երկօրյա նիստը:

Հանձնաժողովում ընդգրկված են տարածաշրջանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հեղինակավոր քաղաքական գործիչներ: Հանձնաժողովի նպատակն է նպաստել տարածաշրջանի ժողովուրդների երկխոսությանը, հակամարտությունների կարգավորմանը եւ համագործակցությանը:

Երեկ լոնդոնյան քննարկումների մասնակիցները Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանում անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր են անվանել տարածաշրջանի արագընթաց ռազմականացումը:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ հանձնաժողովը կոչ է արել «ռազմականացման փոխարեն ստեղծել մաքսատուրքերից զերծ տնտեսական գոտիներ, ինչը կխթանի երկրների տնտեսական աճը»:

«Եվրոպան պետք է դադարի Կովկասի եւ Կասպիցի տարածաշրջանը դիտարկել սոսկ որպես այլ հիմնախնդիրների տհաճ հավելված», - ասել է Լոնդոնում տեղակայված «Հակամարտությունների հետազոտության տեղեկատվական համակարգ» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմիթը եւ հավելել. - «Փոխարենը, անհրաժեշտ է Եվրոպայի փորձը, նվաճումները տրամադրել տարածաշրջանին՝ խաղաղություն հաստատելու, տնտեսական բարգավաճում եւ ժողովրդավարություն ապահովելու համար»:

Հանձնաժողովի նախագահը Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն է, ով նույնպես Լոնդոնում խոսել է ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներն արագացնելու անհրաժեշտության մասին:

Հանձնաժողովի փոխնախագահներն են Հայաստանի պատվիրակ, Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը եւ տարածաշրջանի հարցերով փորձագետ, թուրք պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը:

Հանձնաժողովի համոզմամբ, մաքսատուրքերից զերծ գոտիներ ստեղծելուց զատ` նպատակահարմար է ստեղծել փոքր բիզնեսի «ինկուբատորներ», որոնց միջոցով Եվրամիության տեխնոլոգիական նորարարություններն ու ֆինանսական միջոցները կմտնեն տարածաշրջան:

Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի հանձնաժողովը լոնդոնյան քննարկումների արդյունքում կպատրաստի զեկույց, որը կներկայացնի Եվրոպական միությանը:

Զեկույցը կհրապարակվի այս տարեվերջին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG