Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կոալիցիան Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրում է Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությունը


Վրաստանի ընդդիմադիր կոալիցիան երեկ երեկոյան հայտարարեց, թե երկարատեւ բանակցությունների հետո որոշել է 2008 թվականի հունվարի 5-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրել պատգամավոր Lեւան Գաչեչիլաձեի թեկնածությունը:

Գինու գործարանի սեփականատեր Գաչեչիլաձեն որոշել է ակնհայտ ընդդիմադիր կեցվածք որդեգրել եւ ակտիվ քաղաքական գործունեությամբ հանդես գալ միայն վերջերս` ընդդիմության միասնական հանրահավաքներում:

Նա հայտարարել է, թե առաջադրվում է ոչ թե նախագահ դառնալու, այլ երկրի կառավարման նախագահական մոդելը լուծարելու եւ խորհրդարանական կառավարման անցնելու համար:

«Ընդդիմադիր դաշինքն ուներ մի քանի թեկնածու, ես նրանցից մեկն էի եւ ընտրվեցի մի քանի փուլով: Իմ հիմնական նպատակն է լինելու ավարտին հասցնել երկրի նախագահական կառավարումը», - ասել է Գաչեչիլաձեն:

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկի`Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին վստահեցրել է, որ սահմանադրական փոփոխությունների ավարտից հետո Գաչեչիլաձեն հրաժարական կտա եւ թույլ կտա, որ երկրի կառավարմամբ զբաղվի ժողովուրդը:

Ընտրողների շրջանում ասվածի հանդեպ կասկածներ չհարուցելու համար Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ով Գաչեչիլաձեի ընտրության դեպքում ստանձնելու է վարչապետի պաշտոնը` հայտարարել է. - «Lեւանը հարմար թեկնածու է, քանի որ բոլորը գիտեն` նա նախագահ դառնալու որեւէ հավակնություն չունի»:

Lեւան Գաչեչիլաձեից բացի` այս պահին ընդդիմադիր դաշտից առաջադրվել են նաեւ լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին եւ մեծահարուստ գործարար Բադրի Պատարկացիշվիլին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG