Մատչելիության հղումներ

Լոնդոնում քննարկվում են Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի հիմնախնդիրները


Այսօր Լոնդոնում բացվել է Կովկաս-Կասպյան հանձնաժողովի երրորդ նիստը: Այդ հանձնաժողովը ստեղծվել է Եվրամիության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի նպաստել տարածաշրջանի ժողովուրդների երկխոսությանը, տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրների կարգավորմանը:

Հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 23-ին Բրյուսելում, երկրորդ անգամ հանձնաժողովականները հավաքվել էին փետրվարի 5-ին Լյուբլյանայում:

Հանձնաժողովի կազմում են ոչ միայն Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի, այլեւ համաշխարհային քաղաքական ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերած քաղաքական գործիչներ՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլին 0լբրայթը, Գերմանիայի նախկին արտգործնախարար 3ոշկա Ֆիշերը, Լիտվայի ետխորհրդային առաջին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, Չեխիայի ներկայիս արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժան Լեմյերը եւ ուրիշներ:

Վրաստանը ներկայացնում է հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիդ Ուսուպաշվիլին, Ադրբեջանը՝ իրավաբան Էրկին Գադիրլին:

Հանձնաժողովի նախագահը Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն է, փոխնախագահներ են` Հայաստանի պատվիրակ, ԱԺ-ի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ տարածաշրջանի հարցերով փորձագետ, թուրք պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը:

Վերլուծաբանների փոխանցմամբ, լոնդոնյան քննարկումների մասնակիցները անպայման կանդրադառնան նախապես օրակարգում չընդգրկված Վրաստանի զարգացումներին:

Հանձնաժողովը կընդունի Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի եւ Եվրոպական միության փոխհարաբերությունների հեռանկարի մասին զեկույց, որը կհրապարակվի տարեվերջին:

Վերլուծաբանների փոխանցմամբ, Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի երկրները տեսանելի ապագայում չեն կարող միանալ ՆԱՏ0-ին եւ, առավելեւս` Եվրոպական միությանը, որի համար տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում նախ եւ առաջ բնական գազի եւ նավթի արդյունահանման եւ փոխադրման առումով:

Կասպյան երկրները պատրաստ են իրենց համար առավել շահավետ պայմաններով վառելիքը հասցնել Արեւմուտք` չմտածելով եվրոպական կառույցներին երբեւէ անդամակցելու մասին: Ադրբեջանին հետաքրքրում է նաեւ աշխարհաքաղաքական հեռանկարը, քանի որ ադրբեջանական ածխաջրածնայինների պաշարները, ըստ մասնագետների, ասիական երկրների համեմատությամբ ավելի արագ կսպառվեն:

Վրաստանի մասին վերլուծաբաններն ասում են, որ երկիրը չունի վառելիքի բնական պաշարներ, սակայն դրա փոխարեն ունի տարանցիկ ճանապարհ ծառայելու համար բարենպաստ աշխարհագրական դիրք:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG