Մատչելիության հղումներ

Ամեն մարդու գրպանի բան չէ…


Օրերս Բարսելոնայում անցկացված աճուրդում 1250 եվրոյով վաճառվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի մեկ մազը:

Աճուրդների ընթացքում շատ հաճախ հանրահայտ մարդկանց պատկանող իրերը վաճառվում են այնպիսի գումարներով, որ դժվար է լինում հավատալ, ԹԵ գտնվել է մեկը, ով նման խոշոր գումարով ձեռք է բերել, ասենք, ընդամենը մազափունջ:

Վերջերս կազմակերպված աճուրդներից մեկի ընթացքում 119 հազար դոլարով վաճառվեց Էռնեստո Չե Գեւառայի մազափունջը:

Եթե տեղափոխվենք Հոլիվուդ, ապա պետք է նշել, որ այստեղ էլ աճուրդների ընթացքում հանրահայտ մարդկանց պատկանող իրերի արժեքը գլխապտույտ է: Մեծ աղմուկ բարձրացրեց Օդրի Հեփբերնի սեւ զգեստը Givenchy-ից, որն աճուրդում վաճառվեց 900 հազար դոլարով: Այս զգեստով հոլիվուդյան գեղեցկուհին նկարահանվել էր «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում: Գնորդի անունը այդպես էլ հայտնի չդարձավ:

Իսկ 1999 թվականին աճուրդներից մեկում 1,15 միլիոն դոլարով վաճառվել էր այն զգեստը, որով Մերիլին Մոնրոն շնորհավորել էր նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը: Ի դեպ, բացի գեղեցկությունը գնահատողներից եւ հայտնի մարդկանց զգեստները գնողներից, գտնվել են նաեւ մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում աճուրդներից գնել են, ասենք, այն պատուհանը, որից կրակել են Ջոն Քենեդիի վրա` վճարելով դրա համար 3 միլիոն դոլար: Մեկ ուրիշը գնել է այն մեքենան, որում սպանվել է Քենեդին` վճարելով 1 միլիոն դոլար:

Աճուրդների ընթացքում խոշոր գումարներով են վաճառվել «Բիթլզ»-ի անդամներին պատկանող տարբեր իրեր: Ասենք, Ջոն Լենոնի ձեռքով գրված երգի բառերը աճուրդի ընթացքում գնել էին 455 հազար դոլարով: Իսկ Փոլ ՄըքՔարթնիի կիթառը աճուրդում վաճառվել էր 610 հազար դոլարով:

Մեծ աղմուկ էին բարձրացրել օսկարակիր դերասան Ջեկ Նիքըլսընի` աճուրդի հանված 11 ատամները: Իսկ մեկ այլ հոլիվուդյան աստղ` Ռոբի Ուլիմյամսը, մեծ հպարտությամբ աճուրդի էր հանել իր ներքնազգեստը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG