Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի փոխխոսնակ ընտրվեց Արեւիկ Պետրոսյանը


Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը, ով մինչ այդ ղեկավարում էր մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին 79, դեմ` 13 պատգամավորներ:

Փոխխոսնակի պաշտոնը թափուր էր մնում նոյեմբերի 6-ից, երբ այն զբաղեցնող` «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ:

Արեւիկ Պետրոսյանի թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից առաջադրեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրեց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի, իսկ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը` հանրապետական պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի թեկնածությունը:

Հակոբյանը ինքնաբացարկ հայտնեց` պատճառների թվում նշելով նաեւ այն հանգամանքը, որ այդ տեղը կոալիցիոն հուշագրով հատկացված է «Բարգավաճ Հայաստան»-ին:

Այսպիսով, Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնը կզբաղեցնի կին պատգամավոր, ինչը աննախադեպ է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG