Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի խոստովանությանը, թե «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործն իր մոտ է, «Հայոց Աշխարհ»-֊ը հարցեր է ուղղում. - «Արդեն մեկ շաբաթ է, ինչ խոսվում է «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի անհետացման մասին։ Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը երեկ միայն որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, երբ ծառայողական քննությունը պարզեց, թե գործն ում մոտ է գտնվում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնում գործը վերադարձնել դատախազություն, սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է, արդյոք գործի հատորները վերադարձնելո՞ւ է այն նույն վիճակով (ամբողջական եւ անխաթար), ինչպես ժամանակին ստացել է։ Թե՞ իրեն անհաճո հատվածները արդեն մկրատել է գործից։ Ի՞նչ է նշանակում 2-3 տարի առաջ հրահանգել գործը արխիվից հանել, հետո տեղափոխել անձնական արխիվ, որպեսզի «ի պահ դրվի» դեռեւս չստեղծված թանգարանում։ Համաշխարհային պրակտիկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Նախ կառուցում են թանգարանը եւ հետո են սկսում զբաղվել անհրաժեշտ նյութերի հավաքման գործով»։

Իսկ «Չորրորդ իշխանություն»-֊ը կարծիք է հայտնում. - «Հայաստանի գլխավոր դատախազությունում շատ լավ էլ գիտեին, թե «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը որտեղ է եղել: Հարց է առաջանում, թե ինչի՞ համար էր այս ամբողջ թամաշան: Մեր կարծիքով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների շարքերում լուրջ խուճապ կա: Ընդ որում, նրանց հատկապես խիստ մտահոգություն է պատճառել այն վտանգը, որ «Ղարաբաղ» կոմիտեն կարող է վերականգնվել: Պահանջելով վերադարձնել «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը, իշխանությունները հույս ունեն այդ գործից առանձին հատվածներ հրապարակելով ու իրենց հնազանդ մամուլի միջոցով տարածելով, թշնամանք սերմանել «Ղարաբաղ» կոմիտեի անդամների միջեւ եւ դրանով կանխել կոմիտեի վերականգնումը»:

«Հայկական ժամանակ»֊-ը վերլուծում է. - «Առաջադրելով իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, Լեւոն Տեր֊Պետրոսյանը, ըստ էության, մեր երկրի քաղաքական դաշտում սկզբնավորեց քաղաքական ուժերի իրական երկբեւեռացման գործընթացը: Այս գործընթացն այսօր արդեն իրողություն է եւ առաջիկայում օրեցօր խորանալու է, անկախ այն բանից, թե սերժքոչարյանական վարչախումբը ինչ աճպարարություններ կանի դրածո թեկնածուներից նորանոր գաճաճ «բեւեռներ» կերտելու գործում: Հոկտեմբերի 26-֊ից հետո այլեւս որեւէ կասկած չմնաց, որ քաղաքական դաշտի հիմնական բեւեռները երկուսն են՝ ժողովրդի կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանության կողմից՝ Սերժիկ Սարգսյանը»:

«Հայք»֊-ը հայտնում է. - «Երեկ ոստիկանության աշխատակիցները ժամը 17֊-ի սահմաններում Հայաստանի ոստիկանության Նոր ֊Նորքի բաժին բերման են ենթարկել «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Եղիազարյանին: Ոստիկանները նրան հայտնել են, թե կասկածում են, որ նա մի քանի օր առաջ «պլան» է օգտագործել, բայց իրականում հարցեր են տվել նոյեմբերի 16-֊ին ընդդիմության հանրահավաքին նրա մասնակցության վերաբերյալ: Եղիազարյանը մեզ հայտնեց, որ բաժին են բերվել մեկ տասնյակից ավելի մարդիկ՝ նույն մեղսագրումով, բայց կրկին հարցեր են տվել հանրահավաքին նրանց մասնակցության վերաբերյալ»:

«Առավոտ»֊-ը հայտնում է. - «Բջնի» հանքային ջրերի գործարանին պատկանող «Բջնի» եւ «Նոյ» բնական ջրերի վաճառքն այս օրերին մայրաքաղաքի մի շարք սուպերմարքեթներում արգելված է: «Առավոտ»֊ի տեղեկություններով՝ Երեւանի շատ սուպերմարքեթների տնօրեններ վերեւից հրահանգ են ստացել, որպեսզի «Բջնի» գործարանի արտադրանքն իրենց խանութներում ընդհանրապես չվաճառեն ու սառնարաններն էլ ցուցադրությունից հանեն եւ պահեստներում մնացած արտադրանքի հետ միասին նորից հետ ուղարկեն գործարան: Ստացվում է, որ միայն այն բանի համար, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր քաղաքական գաղափարները չի թաքցնում եւ իշխանամետ դիրքորոշում չունի, պետական մարմինները բոլոր մեթոդներով փորձում են խոչընդոտել նրա բիզնեսին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG