Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը առաջադրվել է նախագահության թեկնածու


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրվել է նախագահության թեկնածու: Նման որոշում է այսօր միաձայն կայացրել իշխող Հանրապետական կուսակցության 11-֊րդ համագումարը:

Նախագահական ընտրությունները Հայաստանում կայանալու են հաջորդ տարվա փետրվարի 19-֊ին:

Համագումարի մասնակիցները Սերժ Սարգսյանին միաձայն ընտրել են Հանրապետական կուսակցության նախագահ:

Համագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանը բավական մեծ տեղ հատկացրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու թեմային:

«ՀՀՇ կուսակցության հոգեւոր հայրը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավաքույթներից մեկում ի լուր աշխարհի հայտարարում է, թե կազմաքանդելու են պետական բուրգը: Զավեշտականն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշի, եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից», - ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Պարտք չմալու համար մի խորհուրդ էլ ես տամ նրան. լավ կլիներ, որ նա մեղա գար, ներողություն խնդրեր հայ ժողովրդից իր գործած, մեղմ ասած, սխալների համար: Վստահ եմ` չի անի, որովհետեւ նա լեցուն է չարությամբ, եւ անդառնալիորեն հետ է մնացել կյանքի ընթացքից»:

Նրա խոսքերով, նախագահական նստավայր վերադառնալու Տեր-Պետրոսյանի «հուսահատ փորձերը» մեկ նպատակ են հետապնդում` «վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, ովքեր երբեւէ մի սառը խոսք են ասել իր հասցեին»:

«Ուզում են կազմաքանդել պետությունը... Չի ստացվի: Ցանկացած փորձ կկանխվի», - շարունակեց Սերժ Սարգսյանը: - «Այս ամենի մեջ լավն այն է, որ մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ համոզվելու, որ մենք տարբեր մարդիկ ենք: Եվ եթե այս տասը տարիների ընթացքում քաղաքական գնահատականներ չենք հնչեցրել, ապա պատճառը միայն ու միայն հասարակության մեջ ավելորդ լարվածություն չմտցնելու ցանկությունն էր»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG