Մատչելիության հղումներ

Հայաստանի թիմի հետ խաղում Պորտուգալիայի հավաքականից առաջին անգամ հանդես կգա բրազիլացի Պեպեն


Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում նոյեմբերի 17-ին կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի թիմից առաջին անգամ հանդես կգա Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Պեպեն:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` 24-ամյա Պեպեն վերջերս Պորտուգալիայի քաղաքացիություն է ընդունել եւ այդ երկրի հավաքականի մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի կողմից հրավիրվել էր դեռ օգոստոսին, սակայն վնասվածքի պատճառով բաց էր թողել Սերբիայի եւ Լեհաստանի թիմերի հետ հանդիպումները:

Պեպեն «Պորտու»-ից «Ռեալ» է տեղափոխվել այս տարվա ամռանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը տեղեկացնում է, որ սեփական հարկի տակ Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերի համար Սկոլարին հայտավորել է 21 ֆուտբոլիստների, որոնց թվում ընդգրկված չէ կիսապաշտպան Դեկուն` վնասվածքի պատճառով: Չորս օրվա տարբերությամբ կայանալիք երկու խաղերին տարբեր պատճառներով չեն մասնակցելու նաեւ Պաոլո Ֆերեյրան` «Չելսի»-ից, եւ Արմանդու Պետիտը` «Բենֆիկա»-ից:

Այդուհանդերձ, Պորտուգալիայի թիմը մեծ ջանքեր է գործադրելու A խմբի ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերում հաջողության հասնելու համար, քանի որ ներկայումս մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է` մեկ միավորով զիջելով Լեհաստանի հավաքականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG