Մատչելիության հղումներ

Թերրի Դեւիս. «Կտրականապես դեմ եմ, որ սխալ մեկնաբանվեն իմ խոսքերը»


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը Հայաստան կատարած այցելությունից հետո հայտարարել է, որ իր որոշ արտահայտություններ «աղավաղվել եւ սխալ են մեկնաբանվել» հայաստանյան լրատվամիջոցներում:

«Մի քանի թերթեր գրել են, որ ես Լեռնային Ղարաբաղում վերջերս կայացած ընտրությունները համեմատել եմ արվամոլների շքերթի հետ: Սա ուղղակի ճիշտ չէ եւ լիակատար անհեթեթություն է: Ես պարզաբանում էի, որ իմ դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածքային ամբողջականության եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերաբերյալ, բոլորին հայտնի է, անփոփոխ է եւ պարզ»,֊ - ասված է Դեւիսի հայտարարության մեջ:

«Այն փաստը, որ ամեն անգամ չեմ արձագանքում, երբ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ընտրություններ, չի նշանակում, որ ես փոխել եմ դրանց իրավազորություն եւ օրինականություն չունենալու վերաբերյալ իմ դիրքորոշումը: Ես զուգահեռ անցկացրեցի Եվրոպական երկրներում սեռական փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման հաճախակի դարձած դեպքերի հետ: Այն փաստը, որ ես ոչ միշտ եմ արձագանքում, երբ քաղաքապետն արգելում է արվամոլների շքերթը` չի նշանակում, թե փոխել եմ իմ հստակ, հայտնի եւ հետեւողական դիրքորոշումը, որ նման սահմանափակումները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,֊ - պարզաբանել է եվրոպացի պաշտոնյան:

«Թերթերից մեկը գրել էր, որ ես վիրավորված էի այն փաստից, որ չեմ հանդիպել նախագահ Քոչարյանին: Սա նույնպես ճիշտ չէ: Ինձ նախապես տեղեկացրել էին, եւ ես լիովին հասկանում եմ, թե ինչու անհնար էր կազմակերպել այդ հանդիպումը: Ես շատ բավարարված եմ Հայաստան կատարած այցի արդյունքներով եւ այնտեղ ունեցած անկեղծ քննարկումներով: Մենք կարող ենք ոչ միշտ համաձայն լինել միմյանց հետ, սակայն ավելի կարեւոր է, որ մենք լսենք եւ հարգենք միմյանց տեսակետները»,֊ - եզրափակել է Թերրի Դեւիսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG