Մատչելիության հղումներ

Գյուլը հայ - թուրքական հարաբերությունների բարելավման պայման է համարում ցեղասպանության հարցը չարծարծելը


«Եթե Հայաստանը չհրաժարվի ցեղասպանության վերաբերյալ պահանջներից ու չդադարի հարցը արծարծել տարբեր երկրների խորհրդարաններում, հայ - թուրքական հարաբերությունները չեն բարելավվի», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` այսօր ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում:

«Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար Թուրքիան մեղավոր չէ», - ասել է Գյուլն ու հավելել. - «Ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակը ստեղծվել է Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած` միջազգային նորմերին չհամապատասխանող քաղաքականության եւ այլ պետության` Ադրբեջանի տարածքները գրավելու պատճառով»:

«1991 թվականին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, պաշտոնական Երեւանին հրավիրեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն, թեեւ Հայաստանը դուրս էր այդ տարածաշրջանից: Այդուամենայնիվ, չնայած մեր գործադրած ջանքերին, ի հայտ եկան խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը», - ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Աբդուլա Գյուլը եւս մեկ անգամ ընդգծել է, թե խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, իր հերթին, հայտարարել է, թե «Lեռնային Ղարաբաղին, Հյուսիսային Կիպրոսին եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը վերաբերող հարցերում Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները լիովին համընկնում են եւ երբեք չեն փոփոխվի»:

Թուրքիայի նախագահը այսօր ելույթ է ունեցել նաեւ Բաքվում մեկնարկած թուրք - ադրբեջանական գործարար համաժողովում` հատկապես կարեւորելով տնտեսական համագործակցությունը եւ խոշորածավալ տարածաշրջանային ծրագրերի իրագործումը:
«Բաքու - Ջեյհան նավթամուղի, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի շահագործումից ու Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթծգի կառուցումից շահում են ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլեւ Վրաստանը:

«Տարածաշրջանային հակամարտությունների լուծման դեպքում այս ծրագրերին կարող են միանալ նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրները», - հայտարարել է, մասնավորապես, Աբդուլա Գյուլը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG