Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը ընդունել է իրանցի պաշտոնակցին


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր ընդունել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամադ Նաջարիի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել երեկ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի փոխանցմամբ, նախ կայացել է նախարարների առանձնազրույցը, այնուհետեւ պաշտոնական հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների կազմով:

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ - իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկայիս վիճակին ու հեռանկարներին առնչվող հարցեր: Նրանք համոզմունք են հայտնել, որ վերջերս երկու երկրների նախագահների միջեւ կայացած հանդիպումը մեծապես կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային հարաբերությունների խորացմանը, նաեւ խթան կհանդիսանա ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար:

Հանդիպման մասնակիցները փոխշահավետ համագործակցություն զարգացնելու եւ փոխադարձ այցելություններն ակտիվացնելու վճռականություն են հայտնել` մասնավորապես նշելով, որ երկու երկրները կարող են համատեղ իրագործել ծրագրեր ռազմական, ռազմատեխնիկական բնագավառներում:

Նախարարները տեսակետներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ:

Մոսթաֆա Մոհամադ Նաջարին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումն անփոփոխ է, այն է` խնդրի լուծում խաղաղ ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG