Մատչելիության հղումներ

Բաբաջանյանի խնդրանքով, իրեն վաղաժամկետ ազատման միջնորդություն չի ներկայացվել


Անցած օգոստոսին դատապարտյալներին վաղաժամկետ-պայմանական ազատ արձակող հանձնաժողովը մերժել էր «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը: Քրեակատարողական հիմնարկը, որտեղ իր պատիժն է կրում Բաբաջանյանը, մինչեւ նոյեմբերի 5-ը իրավունք ուներ կրկին դիմել նշված հանձնաժողովին, սակայն, Բաբաջանյանի խնդրանքով, չի դիմել:

Արման Բաբաջանյանը այս տարվա հունվարին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել` կեղծված փաստաթղթերով զինծառայությունից խուսափելու համար:

Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանում վիճարկվում է դատապարտյալներին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակող հանձնաժողովի հարցը, եւ, ըստ Բաբաջանյանին հասած տեղեկությունների, այն պիտի քննարկվեր նոյեմբերի վերջին: Թեեւ իրականում հարցի քննությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 25-ը:

Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Արման Բաբաջանյանը. - «Որոշեցի դիմում ներկայացնել այս հաստատության տնօրինությանը` խնդրելով, որպեսզի մեկ ամսով հետաձգեն իմ վաղակետ-պայմանական ազատման հարցը»:

«Իմ տպավորությամբ, երկրում սկսված քաղաքական գործընթացները հույս չէին ներշնչում, որ չակերտների մեջ` այդ անկախ հանձնաժողովը կարող է դրական վերաբերմունք դրսեւորել իմ դիմումին եւ միջնորդությանը», - իր որոշումը պարզաբանեց նա: - «Եվ ես երկընտրանքի առջեւ էի. կամ դիմում էի եւ նորից մերժվում, եւս երեքուկես ամիս սպասում հաջորդ անգամ նորից դիմելու հնարավորությանը, կամ այս պահին ես սպասում եմ, թե Սահմանադրական դատարանում ինչ է որոշվում հանձնաժողովի վերաբերյալ, նոր կդիմեմ վաղակետ-պայմանական ազատման»:

Նա ասաց, որ բոլոր դեպքերում մեկ ամիս անց դիմելու է հանձնաժողովին:

«Ես հասկանում եմ, որ այդ անկախ կոչված հանձնաժողովը ուղղակի հրահանգներ է ստանում նախագահական նստավայրից, եւ, բնականաբար, չեմ կարող ինքս անտարբեր լինել այդ վաղակետ-պայմանական ազատման շուրջ ձեւավորվող այն տրամադրություններին, որոնք այսպես կամ այնպես վճռում են նաեւ իմ մասնակցության աստիճանը այս քաղաքական գործընթացներին», - եզրափակեց նա:

Արման Բաբաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` վերջինիս պետի տեղակալի ներկայությամբ. այդպիսին է հիմնարկի կանոնակարգի պահանջը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG