Մատչելիության հղումներ

Դեյվիդ Քրեյմեր. «ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան լավ են համագործակցում ղարաբաղյան կարգավորման գործընթացում»


Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան լավ են համագործակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով տեղակալի օգնական Դեյվիդ Քրեյմերը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակից կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ:

«Իմ գործընկերը` փոխպետքարտուղարի օգնական Մեյթյու Բրայզան ինձ ասում է, եւ ես նույնպես նույն տպավորությունն ունեմ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան իրոք լավ են համագործակցում այս գործընթացում». - այսպես արձագանքեց Քրեյմերը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հարցին` արդյոք արդարացվո՞ւմ են տարիներ առաջ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի արտահայտած սպասելիքները, որ ղարաբաղյան կարգավորումը կարող է լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության հնարավոր ոլորտներից մեկը:

«Եվ ես ուրախ եմ այդ տպավորությամբ, քանի որ նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանի հարեւանների հետ կապված իրավիճակը երբեմն կարող է մարտահրավեր լինել, սա մի օրինակ է, երբ մենք իրոք բոլորս աշխատում ենք միասին, եւ համագործակցել ու աշխատել ենք միասին», - հայտարարեց ամերիկացի դիվանագետը` հավելելով. - «Դա չի նշանակում, որ մենք լուծում ենք խնդիրը, սակայն չեմ կարծում, թե դա Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի միջեւ լավ համագործակցության պակասի հետեւանք է»:

Ռուս - ամերիկյան հարաբերությունները ընդհանուր առմամբ բնորոշելով որպես «բարդ»` Քրեյմերը նշեց, որ երկու երկրների միջեւ տարաձայնությունների թիվը վերջին շրջանում աճել է:

Մասնավորապես, ըստ նրա, Միացյալ Նահանգները անհանգստացած է «հարեւանների նկատմամբ Ռուսաստանի այն ոչ արդյունավետ մոտեցմամբ, թե Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունները բարելավելու` Ուկրաինայի, Մոլդովայի կամ նման այլ երկրների ջանքերը դիտարկվում են որպես Ռուսաստանի շահերին հակասող»:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը հատկապես մտահոգիչ համարեց ռուս - վրացական հարաբերությունների շուրջ Ռուսաստանի հետ փոխըմբռնման բացակայությունը. - «Մենք անհանգստություն ենք հայտնել Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների առնչությամբ եւ Վրաստանի անջատողական տարածաշրջաններին` Աբխազիային եւ Հարավային Օսիային ցուցաբերվող այն աջակցության կապակցությամբ, որի ականատեսը եղանք: Մենք երկու կողմին էլ, բոլոր կողմերին էլ կոչ ենք արել փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկել` մեղմելու լարվածությունը: Դժբախտաբար, այսօր բավական մեծ է վտանգը, որ պատահարները կամ նույնիսկ սադրանքները հանգեցնեն ավելի մեծ խնդիրների»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG