Մատչելիության հղումներ

Ադրբեջանի անվտանգության նախարարությունը հայտարարում է ահաբեկչական խմբավորում վնասազերծելու մասին


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է ահաբեկչական զինված խմբավորում վնասազերծելու մասին:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, նախարարությունը պարզել է, որ «արաբական ծագում ունեցող մի անձ` Աբու Ջաֆար մականունով, ով կապված է Ալ Ղաիդա եւ Ալ Ջիհադ ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ մի շարք այլ անձինք, ժամանելով Ադրբեջան, այստեղ զինված խմբավորում են ստեղծել մարդկանցից, որոնք նախկինում ապօրինի ռազմականացված խմբերի կազմում մասնակցություն են ունեցել տարբեր հակամարտային գոտիներում, եւ արմատական վահաբականներից»:

Զինված խմբավորման անդամներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը օպերատիվ գործողություններ էր իրականացնում վերջին մի քանի ամիսներին: Արդյունքում ձերբակալվել են խմբավորման մեկեւկես տասնյակ անդամներ, որոնցից ոմանք` այդ թվում վերոհիշյալ Աբու Ջաֆարը, զինված դիմադրություն են ցույց տվել:

Օպերատիվ գործողությունների արդյունքում բռնագրավվել է զենք եւ զինամթերք` ինքնաձիգներ, ատրճանակներ, փամփուշտներ, նռնակներ, պայթուցիկ:

Անվտանգության նախարարության գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Անցած երեքշաբթի օրը ադրբեջանցի իրավապահները հայտարարել էին ահաբեկչական խոշոր գործողություն կանխելու մասին, որի թիրախն էին հակաահաբեկչական կոալիցիայի մաս կազմող արեւմտյան երկրների դեսպանատները եւ մի շարք հիմնարկներ:

Այդ հայտարարության նախօրեին Ադրբեջանի մայրաքաղաքում մասամբ սահմանափակվել էր ԱՄՆ-ի դեսպանատան աշխատանքը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ընդհանրապես փակվել էր, խիստ հսկողություն էր սահմանվել նաեւ մի շարք արեւմտյան հիմնարկների, մասնավորապես, նավթարդյունաբերող խոշոր ընկերությունների՝ «Բրիթիշ Փեթրոլիում»-ի եւ նորվեգական «Սթեյթ Օյլ Հիդրո»-ի գրասենյակների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG