Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձագանքելով իրեն ուղղված հարցերին մեկին` ի՞նչ կարող է գործող իշխանությունը հիշեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին ակնարկել էր նաեւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի առաջին նախագահն ասել է, թե «կարող եք անհոգ լինել», հիշեցնելու ոչինչ չունի, «եթե հիշեցնելու բան լինեն, վաղուց կհիշեցներ», եւ «մենք բանտերում կլինեինք»: Մեկ այլ հարցին` եթե Սերժ Սարգսյանը հանկարծ հաղթի նախագահական ընտրություններում, ինքը` Տեր-Պետրոսյանը, կշարունակի՞ պայքարել, Հայաստանի առաջին նախգահը հանգստացրել է` «Բանը դրան չի հասնելու»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ընդդիմության այն հատվածը, որը համախմբվել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի շուրջը, հրաշալի գիտակցում է, որ ուժերի իրական հարաբերակցությունը իրենց օգտին չէ եւ ընտրություններում միանշանակորեն պարտվելու են... Հայաստանում այսօր բացակայում է հետխորհրդային շրջանում լիովին սնանկացած դժգոհ մարդկանց այն կրիտիկական զանգվածը, որը պատրաստ է վազել ցանկացած «փրկչի» հետեւից»։

«Տարեգիր»-ը նկատում է. - «Պատահական չէ, որ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան լուրը հաղորդելիս պաշտոնական լրատվամիջոցները սահմանափակվեցին միայն փաստի արձանագրմամբ եւ հարկ չհամարեցին պատշաճ կերպով ներկայացնել նրա մատուցած ծառայությունները հայոց անկախ պետականության կերտման գործում, նրա ներդրումը ղարաբաղյան շարժման գրանցած հաջողություններում: Եվ ոչ մի կենսագրական տվյալ, Ռաֆայել Ղազարյանի գիտական, իսկ 1988-ից սկսած նաեւ՝ քաղաքական-հասարակական գործունեության եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման մասին ոչ մի հիշատակում»:

«168 ժամ» թերթը շարադրում է. - «Թեեւ նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրման մեկնարկին մնացել է մոտ երկու շաբաթ, Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ «Մետելիցա» սրճարանում սկիզբ առած հանդիպումները դեռ շարունակվում են` առանց որոշակի արդյունքների: Համենայն դեպս, այդ հանդիպման մասնակիցները ձեռնպահ են մնում որեւէ կոնկրետ բան ասել: Իսկ հանդիպումներին մասնակցում են Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, Մանուկ Գասպարյանը, Շավարշ Քոչարյանը եւ հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Դժվար չէ գուշակել, որ մինի-միասնական թեկնածուի դերին այս ցանկից հավակնում է Արտաշես Գեղամյանը»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է. - «ՕԵԿ («Օրինաց երկիր» կուսակցության) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջին ժամանակներս հազվադեպ էր երեւում էկրաններին` ճիշտ այնպես, ինչպես եւ ընդդիմության մեծ մասը: Սակայն այս օրերին վերջինս դարձել է տարբեր հեռուստաընկերություններին ամենաշատը հյուրընկալվող քաղաքական գործիչներից մեկը... Հեռուստաալիքները ակնհայտորեն սկսել են «ռասկրուտկա» անել Բաղդասարյանին, քանի որ միաժամանակ մի քանի ալիքներով եթերում երեւալու հնարավորություն մեկ էլ ՀՀԿ-ի նախագահացուն ունի` Սերժ Սարգսյանը»:

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) ունեզրկման պատմությանը մենք բազմիցս անդրադարձել ենք», - գրում է «Ժամանակ - Երեւան»-ը: - «Նրա հսկայական ունեցվածքը, ասում են, այլեւս Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերձավորների սեփականությունն է դարձել: Այդ ամենը կատարվել է «գույք` ազատության դիմաց» բանաձեւով: Մասնավորապես` նրանից խլվել է «Ագրոբանկ»-ը` իր շենքերով ու գույքով: Դրա իրական սեփականատերը նույնպես երկրի առաջին դեմքերն են, որոնց ախորժակը այդ առումով անսահմանափակ է: Ընթերցողի մոտ կարող է հարց ծագել, թե ինչ նպատակի են ծառայելու այդ տարածքները: Մեր տեղեկություններով` այդ տարածքներում բացվելու «Վարչապետի հանրային ընդունարան», որը կգործի մոտավորապես նոյեմբերի 10-ից եւ ողջ նախընտրական շրջանում: Այստեղ կարող են այցելել ՀՀ այն քաղաքացիները, որոնք խնդրանք կամ ասելիք ունեն Հայաստանի գործող վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին... Նախաձեռնության իմաստը հետեւյալն է` մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը միան խոսում է, Սերժ Սարգսյանը գործ է անում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG